Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտել են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Ըստ նախնական տվյալների, քրեակատարողական ծառայության գնումների գործընթացը գնահատող հանձնաժողովի պատասխանատու անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իր անմիջական պետի կողմից տրված ցուցումները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը և կառավարության որոշմամբ սահմանված գնումների գործընթացի կազմակերպման մասին պահանջները:
Այդպիսով, 2016-2017 թվականներին սննդամթերքի ձեռք բերման համար հայտարարված մրցույթների փուլում առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած տարբեր տնտեսվարողներից ապրանքի նմուշ ու սերտիֆիկատ պահանջելու և այդ կերպ նրանց համար արհեստական խոչընդոտներ ստեղծելով՝ անհիմն մերժել է հայտերն ու պայմանագրեր կնքել առավել բարձր գնային առաջարկ ներկայացրած այլ տնտեսվարողների հետ: Արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է 13.122.000 դրամի էական վնաս, ինչպես և հեղինակազրկվել է պետական մարմնի համբավը:
Այնուհետև քրեակատարողական ծառայության մի խումբ պաշտոնատար անձինք փաստացի ապրանքների ձեռք բերման մրցույթների անցկացված չլինելու պայմաններում կազմել են հիշյալ մրցույթներն անցկացված լինելու և տնտեսվարողների հայտերը մերժելու վերաբերյալ կեղծ արձանագրություններ, որոնք նույն ծառայության նյութատեխնիկական ապահովման բաժնի ղեկավարության կողմից ներկայացվել, ապա հաստատվել են ժամանակավորապես կարգադրիչ լիազորություններով օժտված հանձնաժողովի անդամների կողմից:Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: