Օգոստոսի 22-ի գիշերը Կենտրոն վարչական տարածքում` փողոցներում, բակերում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենաներից գողություններ էին կատարվել:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Գողության մասին առաջին ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ժամը 10.50-ին ստացվեց: Հայտնում էին, որ գիշերը գողացել են Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված օտարերկրյա դիվանագիտական ծառայության «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելիները:
Մեկնած օպերատիվ խումբը դեռ դեպքի վայրում էր, երբ օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց: Գիշերը Սարյան փողոցի շենքերից մեկի բակում դարձյալ «Մերսեդեսի» կողային հայելիներ էին գողացել: Երկու ժամ անց բաժնում հաղորդում տվեց ևս մեկ քաղաքացի` նույնաբովանդակ մի գողություն էլ Լեոի փողոցում էր կատարվել: Մեքենան կրկին «Մերսեդես» մակնիշի էր:
Հետաքննություն իրականացնող մարմինը անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեց: Ուսումնասիրվեցին հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին գողություն անող երիտասարդին:
Սակայն կասկածյալի միայն արտաքին նկարագիրը պարզելը բացահայտման համար քիչ էր. անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան:
Վերջին հաղորդումից րոպեներ անց քրեական հետախույզները պարզեցին կասկածյալի ինքնությունը: 21-ամյա երիտասարդը, որ Ամիրյան փողոցի բնակիչ էր, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Տեսանյութը՝ ոստիկանության