Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք։
Այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ Գնդևազ համայնքի բնակիչների, Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Առանձին քննարկումներ տեղի կունենան նաև Ջերմուկի համանքապետարանում։
Հաշվի առնելով լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները՝ առանձին դիտարկում կիրականացվի քաղաքում ոստիկանական ուժերի կուտակումների հետ կապված։ Այս հարցով Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին երեկ հասցեագրվել է 3 ահազանգ Ջերմուկի բնակիչներից։
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։