Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարության նախագիծ:
Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարության ներդրման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է մասնագիտական քննարկումների կազմակերպում, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջազգային փորձի ուսումնասիրություն, Հայաստանում համաճարակաբանության (տարածվածությունն ըստ ախտահարված օրգանհամակարգի և տեսակի) ուսումնասիրություն և վերլուծություն: Ռազմավարության ներդրման շրջանակներում չարորակ նորագոյացությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, բուժմանը, վարմանն (ներառյալ ժամանակակից հետազոտությունների մեթոդների կիրառում) ուղղված միջոցառումների մշակում, ինչպես նաև աշխարհագրական տեղակայման և հանրության իրազեկման վերաբերյալ միջոցառումների մշակում և ներդնում:
Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարության ներդրումը բխում է քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման համար արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունից:
Ռազմավարության ներդրման արդյունքում նախատեսվում է բարելավել բնակչության առողջապահական ցուցանիշները, մասնավորապես չարորակ նորագոյացությունների կանխարգելման և բուժման արդյունավետության բարձրացում և մահաբերության նվազեցում: Միջոցառումների իրականացման ավարտին, մինչև 2029 թվականի ավարտը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշի նվազում 2,5%-ով, վաղ հայտնաբերման ցուցանիշի բարելավում` 5%-ով, 5 և 10 տարվա ապրելիության ցուցանիշների բարելավում` համապատասխանաբար 25%-ով և 10%-ով:
Մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/1894/about