Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծ:
Նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքնաշաններով պարգևատրված անձանց (թիկունքայիններ) վաստակի գնահատման, նրանց սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությունից, քանի որ նաև նրանց անձնուրաց աշխատանքի միջոցով էր, որ կերտվեց Հայրենականի հաղթանակը, իսկ այդ անձինք, ի տարբերություն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, որևէ կերպ չեն խրախուսվում, որևէ արտոնություն (բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելուց) կամ այլ դրամական աջակցություն չեն ստանում:
Նախագծի ընդունման արդյունքում, ըստ նախնական տվյալների, շուրջ 1000 թիկունքային կօգտվի որոշակի իրավունքներից ու սոցիալական երաշխիքներից, և ազգային օրենսդրության մեջ առաջին անգամ կտարանջատվի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձինք հասկացությունները:
Նախագծով ՀՄՊ վետերաններին հավասարեցված անձանց (թիկունքայինների համար) համար նախատեսվում է ամենամսյա պատվովճար ստանալու իրավունք և այլ սոցիալական արտոնություններ:
Կից ներկայացվում է նախկին ԽՍՀՄ այն մեդալների և շքանշանների ցանկը, որոնցով (դրանցից թեկուզ մեկով) պարգևատրված անձը կարող է օգտվել սույն օրենքով սահմանված արտոնությունից:
Ցանկ
Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալների, որոնք սահմանված են եղել ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1988թ. մայիսի 12-ի N 621 որոշմամբ.
- «Քաջության համար» Ուշակովի մեդալ
- «Մարտական ծառայության համար»Նախիմովի մեդալ
- «Աշխատանքային խիզախության համար»
- «Աշխատանքային գերազանցության համար»
- «Լենինգրադի պաշտպանության համար»
- «Մոսկվայի պաշտպանության համար»
- «Օդեսայի պաշտպանության համար»
- «Սևոստոպոլի պաշտպանության համար»
- «Ստալինգրադի պաշտպանության համար»
- «Կիևի պաշտպանության համար»
- «Կովկասի պաշտպանության համար»
- «Սովետական Զապոլյարիայի պաշտպանության համար»
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»
- «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար»
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում խիզախ աշխատանքի համար»: