Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը և Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում առաջարկում են լրացում կատարել:
Պատգամավորները առաջարկում են առաջին ծննդաբերության ժամանակ, երկվորյակ երեխաներ ծնվելու դեպքում՝ յուրաքանչյուր նոր ծնված երեխային տրվում է ծննդյան միանվագ տարբերակված նպաստ` երկրորդ երեխայի կարգաթվով սահմանված միանվագ նպաստի կրկնապատիկի չափով:
Յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար ծննդյան միանվագ տարբերակված նպաստը կվճարվի ուղղակի կարգով:
Հիմնավորման մեջ նշված է, որ համաձայն գործող օրենքի եւ ՀՀ կառավարության 2014 թ. մարտի 6-ի N275-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ առաջին ծննդաբերության ժամանակ երկվորյակ երեխաներ ծնվելու դեպքում պետական բյուջեից հատկացվում է երկրորդ երեխայի ծննդյան կարգաթվին համապատասխան՝ 150 000-ական ՀՀ դրամ: Իրականություն է այն փաստը, որ առաջին ծննդաբերության ժամանակ երկվորյակ երեխաներ ունենալու դեպքում՝ երեխաներին խնամելու եւ մեծացնելու հետ կապված ծախսերն էապես տարբեր են, քան օրինակ՝ մեկ երեխայից հետո երկրորդ երեխայի ծնվելը: Այսինքն՝ երկվորյակների համար՝ հագուստ, սնունդ եւ այլ անհրաժեշտ ապրանքներ ծնողները պետք է գնեն կրկնակի: Ըստ այդմ, հաշվի առնելով վերոնշյալը՝ ողջամիտ եւ արդարացի կլինի առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը, որի ազդեցության գնահատականը, միանշանակ, լինելու է դրական:
«Օրենքի ընդունումը հիմք է հանդիսանում ՀՀ քաղաքացիների՝ պետության նկատմամբ բարձր վստահության, սոցիալապես պաշտպանվածության համար: Այս կարգավորումը եւս մեկ դրական ազդեցություն կունենա եւ կնպաստի ծնելիության մակարդակի բարձրացմանը, որը բխում է երեխաների թվի աճի առաջընթացին ուղղված` պետության կողմից որդեգրած քաղաքականության տեսլականից»,-նշել է նա: