Առաջարկվում է բարձր առաջադիմությամբ ուսանողների կրթաթոշակի չափը բարձրացնել

Ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը առաջարկում է փոփոխություններ կատարել «Կրթության մասին» օրենքում:

Պատգամավորը առաջարկում է պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների  կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:

Օրենքը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի սեպտեմբերի 1-ին:

Հիմնավորման մեջ պատգամավորը նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգում պարբերաբար փոփոխություններ են կատարվել, բայց մինչ օրս որեւէ փոփոխություն չի կատարվել դրանց չափի հետ կապված:

«Առ այսօր բակալավրիատում սովորող եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների կրթաթոշակը կազմում է 5.000 դրամ, իսկ գերազանց առաջադիմություն ունեցողներինը՝ 6.050 դրամ: Միայն բակալավրիատի ավարտական կուրսերում է, որ սովորական կրթաթոշակի չափը կազմում է 5.200 դրամ, իսկ գերազանցիկներինը՝ 6.300 դրամ:

Մագիստրատուրայում ունենք հետեւյալ պատկերը՝ բարձր առաջադիմությամբ ուսանողները ստանում են 5.500 դրամ, իսկ գերազանց սովորողները՝ 6.300 դրամ:

Այսինքն, բակալավրիատում եւ մագիստրատուրայում կրթաթոշակների չափն ուղիղ 20 տարի է՝ 1999թ.առ այսօր, չի փոխվել: Համեմատության համար միայն նշենք, որ 1999թ. նվազագույն աշխատավարձը կազմում էր 5.000 ՀՀ դրամ, 2019թ.՝ 55.000 ՀՀ դրամ, մինչդեռ կրթաթոշակի չափի հետ կապված որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ավելին ներկայումս շրջանառության մեջ է դրված նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ նախագիծ, որին իր դրական եզրակացությունն է տվել նաեւ ՀՀ Կառավարությունը:

Միեւնույն ժամանակ պետք է նշենք, որ Կառավարության կողմից ներկայացված ծրագրում իր արտացոլումն է գտել կրթության քաջալերումը՝ որպես մարդկային ներուժի զարգացման բաղադրիչ: Ակնհայտ է, որ կրթության քաջալերման գործընթացում էական նշանակություն ունի նաեւ ֆինանսական խրախուսումը, ինչն արտահայտվում է, օրինակ, պետության կողմից տրամադրվող կրթաթոշակների պարբերաբար վերանայման տեսքով, ինչն իրականացվում է գրեթե բոլոր պետություններում:

Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում նվազագույն աշխատավարձը կազմում է 11.163 ռուբլի (մոտ 90.000 ՀՀ դրամ), կրթաթոշակը կազմում է 1.500 ռուբլի այսինքն մոտ 12.500 դրամ, բարձր առաջադիմության համար՝ 5.000-7.000 ռուբլի, այսինքն՝ 40.000-56.000 դրամ: Ղազախստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 28.284 տենգե (մոտ 37.000 ՀՀ դրամ), նվազագույն կրթաթոշակը 20.949 տենգե է, մոտ 30.000 դրամ, իսկ բարձր կրթաթոշակը՝ 24.091 տենգե, այսինքն մոտ 36.000 դրամ: Այսինքն, օրինակ նշված երկրներում, կրթաթոշակը բավականին բարձր է, ավելին դրանք գրեթե նվազագույն աշխատավարձի չափ են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել