ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե որ դատավորին է մակագրվել Ռ․ Քոչարյանի գործը։ Այս մասին հայտնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից:
Հավելենք, որ Դատալեքս համակարգում այսօր առավոտյան հայտնվել է տեղեկատվություն, որ օգոստոսի 19-ին գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։
Նշենք, որ Դատական դեպարտամենտից Իրավաբան.net-ին հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Բացի այն, որ գործի մակագրման մասին պաշտպանական թիմը պաշտոնական ծանուցում չի ստացել, փաստաբանները նաև չեն հրավիրվել մակագրման գործընթացին հետևելու։