ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 46-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի 20-ամյա բնակիչը:
Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
2019 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից հաղորդում է ստացվել 46-ամյա տղամարդու ամառանոցը այրվելու և վերջինիս դիակը նշված ամառանոցում հայտնաբերելու մասին:
Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին և սպանել նրան: Այնուհետև հանցագործության հետքերը վերացնելու նպատակով հրկիզել է դիակը և ամառանոցը:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի արտաքին զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Լոռու մարզի բնակիչ է՝ ծնված 1999 թվականին: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: