Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է կարգավորել հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները: Մինչ այժմ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք տնային պայմաններում խնամքի ծառայություններ չէին ստանում, քանի որ հոգեկան հիվանդությունները ընդգրկված են խնամքի ծառայությունների համար սահմանված հակացուցումների ցանկում, իսկ մասնագիտացված տնային խնամքի ծառայություն չկար:
Նախագծի ընդունման արդյունքում առնվազն 50 մարդ, ինչը կնպաստի և նրա ընտանիքի սոցիալական ու բարոյա-հոգեբանական վիճակի բարելավմանը, և կկանխարգելի անձանց մուտքը հաստատություններ և կնպաստի անձի սոցիալականացմանն ու համայնքում ապրելու իր իրավունքի իրացմանը: Ծառայությունը կմատուցվի մրցակցային սկզբունքով, մրցույթում հաղթած կազմակերպության կամ կազմակերպությունների կողմից:
Գործող օրենսդրության համաձայն տնային պայմաններում խնամքի և սպասարկման ծառայություններ չեն տրամադրվում Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկում ընդգրկված որոշակի խումբ անձանց, այդ թվում` հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին: Հետևաբար, այն անձինք, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիրներ, սակայն չունեն ակտիվ բուժման կարիք, այլ միայն խնամքի կարիք ունեն, չեն կարողանում օգտվել տնային խնամքի ծառայություններից և նրանց ընտանիքի անդամները երբեմն կանգնում են դժվարին ընտրության առջև` թողնել աշխատանքը և խնամել ընտանիքի անդամին, թե նրան տեղափոխել համապատասխան մասնագիտացված խնամքի հաստատություն: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների մեջ քիչ չեն նաև միայնակ, օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող անձիքն, որոնք բացի շուրջօրյա խնամքի հատուկ հաստատություն ընդունվելը, այլընտրանք չունեն: Այդ անձինք, եթե տնային պայմաններում (առկայության դեպքում) ստանան խնամք և այլ սոցիալական ծառայություններ, ապա չեն դիմի շուրջօրյա խնամքի հատուկ հաստատություններ ընդունվելու համար: Այս ծրագիրը համահունչ է խնամքի ծառայությունների ապաիստիտուցիոնալացման գաղափարին և մարդասիրական է այն առումով, որ անձը չի հեռանում իր հարազատ միջավայրից և մնում է իր համայնքում, իր տանը:
Ներկա դրությամբ նախարարությունում խնամքի հատուկ հաստատություն ընդունվելու համար հաշվառված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ավելի քան 50 անձ, որոնց մեջ կան նաև այնպիսիք, որոնք տնային պայմաններում խնամքի ծառայությունների առկայության պարագայում չէին դիմի շուրջօրյա խնամքի հատուկ հաստատություն ընդունվելու համար: Բացի այդ, տնային խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններից պարբերաբար ստանում ենք տեղեկություններ, որ հաճախ իրենց դիմում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտանիքներ՝ իրենց հարազատին տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու խնդրանքով, սակայն կազմակերպությունները ստիպված են լինում մերժել, քանի որ նման կարգ չկա:
Նախագծի ընդունման պարագայում ըստ նախնական հաշվարկների 50 անձի տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 11 հաստիքային միավոր (հոգեբույժ – 1,0, սոցիալական աշխատող – 2,0, հոգեբան – 1,0, արտթերապիստ-1,0, բուժքույր – 2,0, սոցիալական սպասարկող – 4,0, որոնք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատելու փորձ ունեն): Հաստիքային միավորները նախատեսվել են հաշվի առնելով շահառուների կարգավիճակը և մատուցվող ծառայության առանձնահատկությունները, քանի որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայություններ ներկա դրությամբ չի մատուցվում, ուստի չկան համապատասխան չափորոշիչներ և նախատեսվում են դրանք մշակվել մինչ այս ծառայության ներդնումը: