Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն իրենք կընտրեն իրենց սայլակները, նախարարությունը կտրամադրի հավաստագրերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ աջակցող սարքերի ձեռքբերման նպատակով։ Խոսքը հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով տրամադրվող պետական հավաստագրերով տրվող միջոցների մասին է։

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվածից ավելի շահառուներ են դիմել՝ հավաստագիր ստանալու համար, ուստի աջակցող սարքերի նախատեսված քանակը սպառվել է, և հավելյալ խմբաքանակ ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջացել:

Կառավարության որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխման արդյունքում հավելյալ 200 հատ անվասայլակ, 50 հատ լսողական սարք (30-ից բարձր տարիքի անձանց համար), 20 հատ ետնաքայլակ (մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար), 41 հատ քայլակ, 85 զույգ օրթոպեդիկ շտկող ներդիր, 761 զույգ օրթոպեդիկ կոշիկ, 71 հատ օրթեզ, 25 հատ պրոթեզ և այլ աջակցող միջոցներ ձեռք բերելու հնարավորություն կունենա։

Հարկ է նշել, որ աջակցող միջոցները տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա, նախարարության կողմից որակավորված կազմակերպությունների կողմից, ինչի արդյունքում բարձրացել է տրամադրող կազմակերպությունների մրցակցությունը, հետևաբար՝ նաև աջակցող միջոցների որակը:

Միաժամանակ, պետական հավաստագիրը հնարավորություն է ընձեռում անձին ընտրություն կատարել և ձեռք բերել իր կարիքի առավելագույնս հարմար աջակցող միջոցը, իր նախընտրած կազմակերպությունից: Այս հանգամանքով, միաժամանակ հանրային իրազեկման  բարձրացմամբ պայմանավորված` մեծացել է շահառուների դիմելիությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել