Դատավոր կարող է դառնալ 25 տարին լրացած և 3 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող անձը․ նոր նախագիծ՝ ԱՆ-ի կողմից

Արդարադադտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նախագծով դատավոր դառնալու համար տարիքային ցենզը 28-ից իջեցվել է 25-ի, իսկ 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառության փոխարեն նախատեսվում է սահմանել 3 տարին։

Գործող դատական օրենսգրքում սահմանված է, որ իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն 5 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ:

Նախագծով նախատեսվել է 5-ի փոխարեն սահմանել 3 տարին։

Ավելացվել են նաև դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժի տեսակները։ Սահմանվել է, որ  դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորին արգելել ընդգրկվել առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում՝ 3 տարի ժամկետով։ Վերջինս կարող է ազատվել դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից։

Սահմանվել է նաև բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության նոր ընթաց։

Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննությունն կսկսի հարցի էության և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության վերաբերյալ վարույթ հարուցած անձի զեկուցմամբ: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է լիազոր մարմինը, ապա վերջինս, իսկ անհնարինության դեպքում՝ նրա տեղակալը պարտավոր է ներկա լինել Բարձրագույն դատական խորհրդի նիստին: Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին միջնորդությունը զեկուցում է Կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահը կամ Կարգապահական հարցերի հանձնաժողովի հանձնարարությամբ՝ դրա անդամներից մեկը: Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից (այն դեռ ստեղծված չէ), ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին միջնորդությունը զեկուցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանձնարարությամբ՝ դրա անդամներից մեկը:

Հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի՝

  • դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատավորից, կարգապահական վարույթը հարուցած մարմնից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջել ներկայացնել հարցի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ, որոնք գտնվում են տվյալ անձանց ազդեցության ոլորտում` սահմանելով ժամկետ դրանք Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու համար, իսկ որոշումը կամովին չկատարելու դեպքում այն ներկայացնել կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  • դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաներ,
  • դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ որպես վկա հարցաքննել դատավորին, ում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն է քննվում,
  • դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ նշանակել փորձաքննություն՝ քննության համար նշանակություն ունեցող հարցերի պարզաբանման նպատակով։

Վկաների չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք կունենա որոշում կայացնելու վկային հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ: Հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հեռանում է որոշում կայացնելու:

Դատավորի՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը կքննի Բարձրագույն դատական խորհուրդը, եթե ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը դատավորը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով և որը ողջամտորեն կարող է ազդել որոշման վրա։

Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ ներկայացված բողոքները կքննի և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել նիստում: Բողոքը դատական նիստում քննելու մասին կայացվում է որոշում:

Նախագծով սահմանվում է նաև, որ եթե դատավորի լիազորությունները դադարում կամ դադարեցվում են դիտավորյալ հանցանք կատարելու համար մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու կամ սույն օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված հիմքերով (էական կարգապահական խախտում), ապա նա զրկվում է դատավորի համար նախատեսված կենսաթոշակից և այլ սոցիալական երաշխիքներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել