Հայաստանի և Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարները ստորագրել են եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր:
Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Սանժար Մուկանբետովը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը։
Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:
Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը օտարերկրյա ներդրողների համար կայուն և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորմամբ հնարավորություն կընձեռի խթանելու երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, առավել ակտիվացնելու առևտրատնտեսական կապերը, այդ թվում, ընդլայնելու աշխատուժի և տեխնոլոգիաների շարժը:
Լուսանկարը` Էկոնոմիկայի նախարարության