«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր` օգոստոսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեցին, որ դիմել են քննչական մարմին, որպեսզի հնարավորություն ստանան ծանոթանալ և ըստ անհրաժեշտության նաև պատճենահանել «Մարտի 1»-ի գործին առնչվող փաստաթղթերը, սակայն մերժում են ստացել. բողոքը դատարանում քննության փուլում է:
Փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով, «Մարտի 1»-ի գործով թղթերը 500-ից 600 հատոր են, որոնցից առանձնացվել է Ռոբերտ Քոչարյանի և մնացածների գործը՝ որպես առանձին վարույթ: «Մենք գտնում ենք, որ չնայած մի շարք իրավական խնդիրների, նշված հատորներում կան նյութեր, որոնք ակնհայտորեն հակասում են առաջադրված մեղադրանքի որոշ ձևակերպումներին: Մենք հնարավորություն չենք ստացել ծանոթանալ ամբողջ փաթեթին»,-ասաց Օրբելյանը` ավելացնելով, որ դժվարանում է ասել, թե ինչ թղթեր են անհետացել կամ հայտնվել:
Անդրադառնալով կորած նյութերին, Օրբելյանը ենթադրում է, որ դրանք պետք է լինեին քննիչների մոտ, այլ ոչ թե՝ ԱԱԾ-ի արխիվներում: «Ընդանրապես պետք է հասկանանք, թե ԱԱԾ-ում թղթեր պահելու հիմքը ո՞րն է, ինչի՞ հիման վրա են պահում, արդյո՞ք հարուցված գործի շրջանակներում է եղել, թե ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է հավաքել, թե ընդանրապես ԱԱԾ-ն իրականացնում է ՀՀ քաղաքացիների մասին տվյալների ապօրինի հավաքագրում»,- ասաց Օրբելյանը:
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս ասել է, որ իր նախագահության տարիներին իրեն ԱԱԾ-ն զեկուցել է տարբեր իրադարձությունների մասին, այդ թվում` կազմակերպվող ինչ-որ սադրանքների մասին: Փաստաբանի խոսքով, իրենք պահանջել են գտնել այդ նյութերը, հարցում են կատարել ԱԱԾ-ին` ստանալու ու հասկանաու համար, թե ինչ նյութեր են դրանք եղել, սակայն ստացել են պատասխան, որ այդպիսի նյութեր չկան:
Փաստաբանը ենթադրում է, որ կորած փաստաթղթերում կարող են լինել այն նյութերը, որոնց մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը: