Ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, իսկ այդ գործընթացը չի վերահսկվում որևէ դատարանի կողմից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց պաշտոնաթող նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը:
Ըստ փաստաբանի, չկա որևէ դատավոր, որը կարող է ազատել-չազատելու, այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որևէ որոշում ընդունել:
«Արդեն մեկ ու կես ամիս է ինչ որևէ զարգացում, որևէ պրոցես տեղի չի ունենում, ինչն ակնհայտորեն մարդու իրավունքների խախտում է, Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ՄԱԿ-ի քաղաքական և քաղաքացիական հանրային դաշնագրով: Անձը չի կարող գտնվել անազատության մեջ, անորոշ ժամկետով առանց որևէ դատական վերահսկողության հնարավորության»-ասաց Արամ Օրբելյանը:
Փաստաբանի խոսքով, վճռաբեկ դատարանին բողոք ներկայացվել է ինչպես իրենց կողմից, այնպես էլ Կարեն Մեժլումյանի կողմից՝ Սեյրան Օհանյանի պաշտպանի, այդ մասին որևէ որոշում ևս չկա:
«Այս պահին վճռաբեկ դատարանը կրկին մոռացել է, որ ինքը հանդես է գալիս որպես սովորական Վերաքննիչ դատարան, որովհետև Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է վերաքննիչ դատարանի կողմից, ունի բողոքարկման իրավունք՝ երաշխավորված և՛ Սահմանադրությամբ, և՛ Մարդու իրավունքների կոնվենցիայով. պետք է շատ արագ վարույթ ընդունի և քննի այս բողոքը»-նշեց Օրբելյանը: