Կառավարության որոշմամբ պետական ոչ առևտրային կազմակերպություն կլուծարվի

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 1-ին, հերթական նիստի ժամանակ որոշումկ ընդունի «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն լուծարելու մասին որոշման ընդունումը պայմանավորված է առևտրային կազմակերպության գործունեությունը շարունակելու ոչ նպատակահարմարությամբ:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների որակի բարձրացում և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում, ինչպես նաև ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով:

Նշվում է նաև, որ  «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. բույսերի պաշտպանության ու կարանտինի, անասնաբուժության բնագավառներում պետական ծրագրերի իրականացումը,
  2. բույսերի ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ուսումնասիրության իրականացումը,
  3. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների կարանտինային հիվանդությունների առաջացման դեպքում աշխատանքների իրականացումը,
  4. գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման և գրանցման միջոցառումների իրականացումը,
  5. մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
  6. անասնաբուժական ծառայության իրականացումը,
  7. կենդանական ծագման հումքի և մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների իրականացումը, կարանտինի սահմանման ժամանակ բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների վարակազերծման և ոչնչացման գործընթացների իրականացումը։

ՀՀ վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 05/05.9/37579-18 հանձնարարականով (6-րդ ենթակետ) առաջարկվել է մշակել և ներկայացնել մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ, որի հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել