Պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունների մասին

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է.

《Հայաստանի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ պետք է համարվի վտանգ առնվազն միջազգային քաղաքականության վրա ազդեցություն ունեցող կենտրոնների համար։

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել մամլո ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրների՝ այդ համատեքստում խոսելով նաև մշակման փուլում գտնվող ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին։ Ի թիվս այլ արձանագրումների՝ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ազգային անվտանգության նոր ռազմավարության հենասյունը համարվելու է բանակը, հայկական զինված ուժերը։

Առաջին հայացքից օրինաչափ թվացող այս հայտարարությունն իրականում նաև մտահոգություններ է պարունակում։ Խնդիրն այն է, որ թյուր է այն ընկալումը, որ երկրի անվտանգությունը պայմանավորված է առավելապես բանակի մարտունակությամբ ու սպառազինություններով համալրվածությամբ։ Այո, դրանք կարևոր, պետության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ են, որոնց լուծումը պետք է ապահովվի՝ անկախ որևէ ռազմավարությունից։ Իսկ ազգային անվտանգությունը խնդիրների համալիր է, որոնցում զինված ուժերը պետք է ունենան կարևորագույն, սակայն ամենևին ոչ հենասյունային նշանակություն։ Ազգային անվտանգության ռազմավարության հենասյուները պետք է լինեն հավասարապես տնտեսական, սոցիալական քաղաքականություններն ապահովող ռազմավարությունները և ամենակարևորը՝ պետության արտաքին քաղաքական հայեցակարգը։ Մինչդեռ Արմեն Գրիգորյանի ասուլիսում մենք այս ոլորտներին վերաբերող հայտարարություններ չլսեցինք։

Զինված ուժերի վրա ազգային անվտանգության հայեցակարգի խարսխումը ըստ էության նշանակում է նախորդ երկու տասնամյակներին իրականացված քաղաքականության շարունակություն։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունները նույնպես ազգային անվտանգության ապահովման հենասյուն էին համարում զինված ուժերը՝ զուգահեռաբար ներսից կեղեքելով, ջլատելով պետությունը։ Դրա արդյունքում բանակը ազգային անվտանգության խնդիրներին և թշնամուն դեմ հանդիման մնում էր մենակ, ինչի վկայությունն էր 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ Երկու տասնամյակ շարունակ մեր զինված ուժերը, ի պատիվ բանակի ղեկավարության ու զինվորների, պատվով են կատարել ազգային անվտանգության ապահովման իրենց առաքելությունը, բայց դրա համար մենք վճարել ենք չափազանց բարձր գին՝ ի դեմս մեր երիտասարդ զինիվորների կյանքի։ Վճարել ենք, որովհետև չենք ունեցել այն հզոր, մրցունակ, տնտեսապես զարգացած պետությունը, պետական ինստիտուտները, որոնք բանակի հետ միասին ու զուգահեռաբար իրենց առաքելությունը կիրականացնեին ազգային անվտանգության ապահովման հարցում։

Եվ ուրեմն, նոր Հայաստանում ազգային անվտանգության ապահովումը չի կարող ու չպետք է դրվի միայն բանակի ուսերին։ Պետությունը՝ իր բոլոր համակարգերով ու ենթահամակարգերով, պետք է կարողանա սպասարկել այդ խնդիրը՝ բանակին թողնելով միայն իրեն վերապահված՝ տեսանելի գործառույթների իրականացումը։ Առանց հզոր տնտեսության, առանց սոցիալապես ու բարոյապես ապահովված քաղաքացու չի կարող խոսք լինել ազգային անվտանգության համալիր ապահովման մասին։

Ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի արտաքին քաղաքականությունը։ Նշանակություն, որը գուցե անգամ հավասար է զինված ուժերին վերապահվող նշանակությանը։ Հայաստանը պետք է վարի այնպիսի արտաքին քաղաքականություն, որի արդյունքում մեր երկրի անվտանգությունը կլինի միջազգային հանրության, աշխարհաքաղաքական բևեռների ու կենտրոնների հետաքրքրությունների տիրույթյում։ Այլ խոսքով՝ մեր դիվանագիտությունը պետք է կարողանա աշխարհի հետ հարաբերվել այնպես, որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ համարվի վտանգ առնվազն միջազգային քաղաքականության վրա ազդեցություն ունեցող կենտրոնների համար։ Հայաստանում պետք է կենտրոնացած լինի ոչ միայն հայկական, այլև համաշխարհային անվտանգության շահը, դրա այնպիսի մասը, որը մեզ զերծ կպահի որևէ ոտնձգությունից։ Իսկ այդ խնդիրը կարող է լուծել ոչ թե բանակը, այլ արտաքին քաղաքականությունը, ճկուն դիվանագիտությունը։

Այս համատեքստում չափազանց կարևոր է Հայաստանի դիրքավորումը միջազգային ասպարեզում, աշխարհում ընդհանրապես։ Խոսքը համաշխարհային քաղաքակրթության, համաշխարհային բարիքի ու արժեքի ստեղծման գործընթացում Հայաստանի թեկուզ համեստ, բայց անփոխարինելի դերի մասին է։ Հենց դա կարող է մեր երկիրը աշխարհագրական տարածքից վերածել միջազգային հարաբերությունների այնպիսի սուբյեկտի, որի անվտանգությունը, ուստի նաև դրան սպառնացող վտանգի չեզոքացումը շաղկապված կլինի միջազգային անվտանգության համակարգի հետ։ Այդ դերին մենք կարող ենք հավակնել միայն ու բացառապես որակապես նոր պետություն ստեղծելով՝ մրցունակ տնտեսությամբ ու սոցիալական ապահովության համաշխարհային չափորոշիչներով, ժամանակակից առողջապահությամբ ու արդի կրթական համակարգերով։ Այլապես մենք շարունակելու ենք նախկինի իներցիան՝ ընդամենը նոր փաթեթավորումներով ու նոր հռչակումներով, սակայն նույն գործառութային նշանակությամբ։ Նշված խնդիրների համատեքստում Հայաստանի ներկայացման ու միջազգային հանրության հետ հարաբերությունների տեսանկյունից չափազանց կարևոր է արտաքին քաղաքականության, ադապտիվ դիվանագիտության նշանակությունը։

Մինչդեռ թավշյա հեղափոխությունից հետո մենք ոչ միայն որևէ փոփոխություն չենք տեսնում արտաքին քաղաքականության մեջ, այլև տեսնում ենք նախորդ ռեժիմների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների իրականացրած միագիծ, ռուսահպատակ ու ռուսասպասարկ արտաքին քաղաքականություն։ Մենք մեր անվտանգությունն ամբողջությամբ ապավինում ենք Ռուսաստանին՝ նրան առերևույթ դարձնելով մեր անվտանգության շահառու։ Իրականում, սակայն, Ռուսաստանի համար Հայաստանի անվտանգությունն ունի ընդամենը սպեկուլյատիվ նշանակություն, և Ռուսաստանը պատրաստ է ցանկացած աշխարհաքաղաքական խաղում զոհաբերել Հայաստանի անվտանգությունը, ինչի ականատեսը եղանք նույն ապրիլյան պատերազմում։ Հայաստանի նոր իշխանությունը, սակայն, հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ասպարեզում շրջադարձեր չեն լինելու, և որ Հայաստանի հասարակությունն իրենց չի պատվիրակել փոխել պետության արտաքին քաղաքական կուրսը։ Այո, հասարակությունը նման ուղղակի պատվիրակում չի ներկայացրել, հասարակությունը պատվիրակել է կառուցել հզոր, մրցունակ ու զարգացող պետություն, ինչը գործնականում անհնար է առանց արտաքին քաղաքականության հայեցակարգային վերանայման։

Ահա այս խնդիրների մասին Արմեն Գրիգորյանի ասուլիսում արձանագրումներ չհնչեցին, քանի որ նա ներկայացնում է մի իշխանություն, որն ամբողջությամբ շարունակում է Հայաստանի ինքնիշխանության հաշվին իրականացվող արտաքին քաղաքականություն։ Այս պայմաններում ազգային անվտանգության որևէ ռազմավարություն, անգամ ամենագեղեցիկ ձևակերպումներով ու հռչակումներով, չի կարող կենսունակ լինել մեր երկրի իրական անվտանգային խնդիրների ապահովման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել