Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Օ.Բ-ի ուղեբեռը: Իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները հաստոցի համար նախատեսված «Made in Azerbaijan» գրառմամբ 2 հատ մետաղական դետալների մեջ հայտնաբերել են 2կգ 665.5 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով: ԻՀՀ քաղաքացին կալանավորվել է:
Ի դեպ, օրեր առաջ նմանատիպ մեկ այլ դեպք էլ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել էին փոստային ծանրոցի մեջ, երբ Իրանի մեկ այլ քաղաքացի փորձ էր արել նույնանման դետալների մեջ 2528 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց արտահանել Կանադա:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: