ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 32-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել հետախուզման մեջ գտնվող 1978թ. ծնված տղամարդը: Նրան մեղադրանք է առաջադրվել։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով, սրտի վնասումով, արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1986 թվականին ծնված տղամարդ, ով նույն օրը մահացել էր:
Դեպքի առթիվ ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի ընկերը՝ Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1978թ.: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Վերջինիս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: