Հուլիսի 25-ին կառավարությունը որոշում կընդունի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերանվանելու մասին:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության, կիրառելով երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Օրենքի կիրարկման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, ինչպես նաև տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից:
Օրենքով ամրագրվել է, որ հատուկ դպրոցները, պետք է վերակազմակերպվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որոնք աջակցություն կտրամադրեն հանրակրթական դպրոցներին, կազմակերպելու համար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը:
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, որպես երկրորդ մակարդակ, պետք է մատուցեն անձի կրթության աջակցության մանկավարժահոգեբանական ծառայություններ (կազմակերպում, համակարգում) և իրականացնեն անձի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N6 արձանագրային որոշման համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլան և ժամանակացույց 18-րդ կետի համաձայն նախատեսվում է 2019 թվականի ընթացքում Երևան քաղաքում առնվազը 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում: «Երևանի N1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն», «Երևանի N2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Երևանի N3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Երևանի N4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները հիմնադրվում են «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար 2 հատուկ (օժանդակ) դպրոց», «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 6 հատուկ (օժանդակ) դպրոց», «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների համար 8 հատուկ կրթահամալիր» և «Երևանի համար 12 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելու միջոցով: Երևան քաղաքի հատուկ դպրոցներից սովորողների տեղափոխում հանրակրթական դպրոցներ, իսկ ներառական կրթական համակարգում չներառված երեխաների հետագա կրթությունը ապահովվելու է ՀՀ տարածքում գործող հատուկ դպրոցներում (ծնողի ընտրությամբ):
Իրավական ակտի ընդունման արդյունքում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրմամբ նախատեսվում է համընդհանուր ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդնում, ինչը կնպաստի կրթության ոլորտում սահմանված նպատակների իրականացմանը, մասնավորապես կապահովի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն բոլոր երեխաների համար: