Կսահմանվի մարտական գործողության մասնակից հասկացությունը

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն սահմանվում են մարտական գործողության մասնակցի հասկացությունը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տվող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման պայմանները և գործունեության կարգը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի ստանալու համար դիմելու և մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական տալու ընթացակարգը: Հաշվի առնելով նաև, որ մինչև ներկայացված կարգի ընդունումը, ՀՀ օրենսդրությամբ նախկինում ևս անձանց տրվել է մարտական գործողության մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ՝ սահմանվում է, որ դրանք պահպանում են իրենց ուժը:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  2019 թվականի հունիսի 4-ի ՀO-57-Ն oրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է նաև Վարչապետի 17.07.2019թ. N 954-Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:

Օրենքի պահանջների համաձայն գործող օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը: Նախկինում անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվել է ՀՀ կառավարության 27.11.2000թ. N 778 որոշմամբ սահմանված կարգով, որն ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 09.08.2018թ. N 898-Ն որոշմամբ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել նշված կարգավիճակի տրման հարաբերությունները կարգավորել Կառավարության նոր որոշմամբ:

Հավելենք, որ որոշման նախագծի ընդունումը կապահովի անձանց մարտական գործողության մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը, նման կարգավիճակ ստացած անձանց կողմից օրենքով սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվելու հնարավորությունները:

Նախագծի համաձայն,

  1. Նշված կարգի իմաստով՝

     1) մարտական գործողությունների մասնակից են համարվում 1989-1994 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտական գործողություններին ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցած, ինչպես նաև անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից՝ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված անձինք, ովքեր`

ա. գտնվել են զինվորական ծառայության մեջ, ներառյալ՝ վարժական հավաքների ներգրավման միջոցով.

բ. գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում.

գ. ընդգրկվել են ռազմական կամ մարդատար օդանավերի (ուղղաթիռների) անձնակազմերում և իրականացրել մարտական գործողությունների գոտու սպասարկումը,

դ. մարտական կամ այլ հատուկ առաջադրանքների կատարման նպատակով գործուղվել են մարտական գործողությունների գոտի,

ե. մասնակցել են մարտական գործողությունների գոտում հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին.

2) կյանքին պատճառված վնաս է համարվում անձի զոհվելը (մահանալը) կամ դատական կարգով մահացած ճանաչվելը.

3) առողջությանը պատճառված վնաս է համարվում անձի կողմից վնասվածք կամ խեղում ստանալը կամ դրանց հետևանքով հիվանդություն ձեռք բերելը:

  1. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել