Պետք է կոմունալ ծախսեր հոգամ. ինչու՞ եք դուք այնպես անում, որ ես՝ ունենալով հնարավորություն, օգտվեմ իմ բարեկամների աջակցությունից. Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Նիստը նախագահում է դատավոր Արսեն Նիկողոսյանը:

Նիստին ելույթ ունեցավ նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ հաճելի էր դատավորի հարցերի պատասխանները չլսել դատախազներից: «Այս ամենը, որը կատարվում է մեկ տարի, ինձ թվում է, որ դատախազությունը բացի մեղադրելուց պետք է օրիանկանությանը հետևի և իրավունքները պաշտպանի, բայց պարզվեց, որ մեկ ֆունկցիայի մասին բոլորովին մոռացել են: Ուզում եմ նշել նաև, որ ընթացքում, բազմաթիվ անգամ մենք քննիչին ասում էինք այս իրավախախտումների մասին, բայց ամեն անգամ որևէ արդյունք, որևէ արձագանք չի եղել»,-նշեց նա:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, իր գրասենյակից առգրավվել են նաև փաստաթղթեր, որոնք վկայում էին իր գույքի ու միոջոցների օրինականության մասին:

«Իմ տպավորությունն այն է, հարգելի դատարան, որ սա այնպիսի պրակտիկա է, որը Հայաստանում գոյությունի ունի, քանի որ այնքան սովորական է այս ամեն ինչը արվում, որ նույնիսկ շշմում էի, թե ո՞նց կարելի է»,-նշեց նա:

Քոչարյանն անդրադարձավ նաև իր կենսաթոշակի հարցին: «Ասում եմ՝ ես պետք է կոմունալ ծախսեր հոգամ և պետք է փաստաբանական ծախսեր հոգամ, ինչու՞ եք դուք այնպես անում, որ ես՝ ունենալով հնարավորություն, օգտվեմ իմ բարեկամների, հարազատների աջակցությունից:  Իմ համար դա պատիվ չէ»,-ասաց պաշտոնաթող նախագահը հավելելով, որ նման կերպով մարդուն զրկում են նաև պաշտպանվելու հնարավորությունից:

Նա անդրադարձավ նաև դատավորի կողմից դատախազին ուղղված այն հարցին, թե ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանի տան խուզարկության ժամանակ նաև 27 հազար դոլար առգրավվել: «Ես կարծում եմ շոկից, երևի քննիչը «սեյֆը» բացել է, տեսել է, որ 4 միլիարդ չի, ընդամենը 27 հազար է…»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը, ինչից հետո դահլիճում ծիծաղ լսվեց: Դատավորը հորդորեց հեգնական տոնով չարձագանքել՝ մարդիկ իրենց աշխատանքն են կատարում:

Պաշտոնաթող նախագահը խոսք ուղղեց դատարանին՝ նշելով, որ իր կարծիքով դատարանն այն վայրն է, որտեղ մարդ կարող է ազատ իր կարծիքը հայտնել, իր ցանկացած խոսքերով: «Կխնդրեմ նաև հարգել իմ իրավունքը՝ արտահայտվելու, եղա՞վ: Բայց էլ ուրիշ բան արատահայտելու ցանկություն չունեմ: Ես ասում եմ մի բան, որ մեկ տարի է ոտնահարվում են իմ իրավունքները, ոտնահարվում են լտի ձևով և ես իրավունք ունեմ բարձրաձայնել դրա մասին»,-ամփոփելով իր խոսքն ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Հատուկ քննչական ծառայության  քննիչի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել