Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր՝ հուլիսի 19-ին, հրապարակեց «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Իրավաբան.net-ի հետ զրույցում Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ դատարանը որոշել է մերժել և՛ դատախազության, և՛ իր ներկայացրած բողոքը և առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը որոշել էր մերժել Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը:
Դատախազությունը պահանջում էր բեկանել քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Վահագն Հարությունյանի պաշտպանը բողոք էր ներկայացրել դատական ակտում առկա որոշ ձևակերպումների և ներկայացված որոշ փաստական հանգամանքների վերաբերյալ:
Միհրան Պողոսյանը նշեց, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում և վստահ է, որ ՀՔԾ «նոր մի բան կմոգոնի» խափանման միջոցը փոխելու համար:
«Քանի որ Վ. Հարությունյանի նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում, ուստի վստահ եմ առաջիկայում ականատես կլինենք հատուկ քննչական ծառայության նոր հեքիաթին և կալանավորմանը հասնելու նոր փորձին»,-նշել է նա:
Ըստ մեղադրանքների` Վ. Հ.-ն 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ ընդունելուց հետո նշանակվել է քննչական խմբի ղեկավար: Վերջինս նշված քրեական գործով նախաքննության ընթացքում ի պաշտոնե հայտնաբերել է, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում գործադրել են հրազեն: Մինչդեռ նա, հիշյալ իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու և տեղի ունեցածն իրավաչափության քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, այդ, ինչպես նաև իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, քննչական խմբի որոշ քննիչների հետ և ոստիկանության այլ ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ, կազմակերպել է քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոց ծառայող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված և վերցված ապացույցների կեղծելը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: