Մինչդատական վարույթի վերահսկողության շրջանակներում օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ միջնորդությունների քննարկման նոր մոտեցումներ են որդեգրվել: Այս մասին հայտնում են դատավորների միությունից:
ԱԱԾ-ն քննարկել է Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներն առ այն, որ դատարան ներկայացվող ՕՀՄ-ների միջնորդությունների հիմքերը և դրանցով գաղտնազերծման հնարավոր սահմանները պետք է վերանայվեն:
Աշխատանքային խորհրդակցությունը վարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը, ելույթով հանդես է եկել ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը:
Խորհրդակցության ընթացքում առաջ քաշված խնդիրները քննարկվել են` հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումները:
Միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությունից ելնելով` ներկայացվել են արդեն իսկ մշակված աշխատանքային ձևաթղթերի տիպային նմուշները, ինչպես նաև քննարկվել են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնց լրամշակման և կատարելագործման ուղղությամբ որոշվել է մշակել օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև քաղաքացիների դիմում-բողոքների և հանցագործության մասին հաղորդումների քննարկմանը և դրանց հետագա ընթացքին վերաբերող հարցերին: