ՀՀ օրենսդրության մեջ ներդրվում են մայնինգ, կրիպտոարժույթ, բլոկչեյն եզրույթները

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը նոր օրինագիծ է ներկայացրել թվային ֆինանսական ակտիվների վերաբերյալ:
Oրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության  տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման (մայնինգ), պահպանման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները:

Օրենքի իմաստով թվային ֆինանսական ակտիվի ստեղծում է համարվում կրիպտոակտիվի մայնինգը:

Նախագծի համաձայն՝ կրիպտոակտիվների ստեղծմամբ և  պահպանմամբ իրավասու են զբաղվելու իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

Ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մայնինգը, կրիպտոակտիվների պահպանումը և օտարումը չի համարվի ձեռնարկատիրական գործունեություն, եթե այն իրականացվի ինքնուրույն՝ առանց աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմքով այլ ֆիզիկական անձի կամ անձանց ներգրավման:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման և պահպանման գործունեության հետ կապված հարկային պարտավորությունների առաջացումը կորոշվի օրենքով սահմանված կարգով:

Թվային ֆինանսական ակտիվների սեփականատերերը իրավասու կլինեն իրականացնելլ կրիպտոակտիվների դրամով կամ այլ արժույթով փոխանակման գործարքներ: Հայաստանի Հանրապետության տարածքում թվային ֆինանսական ակտիվների փոխանակման այլ գործարքների ցանկը, ինչպես նաև այդ գործարքների կատարման կարգն ու պայմանները կսահմանվեն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որոնք  համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմնի հետ:

Նման գործարքների մասին տեղեկություն պարունակող թվային գրառումները կպահպանվեն պահպանվեն թվային դրամապանակներում, որոնք կողմերի համար բացվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով: Կրիպտոակտիվները դրամի կամ այլ արժույթի փոխանակելու գործարքները, պետք է իրականացվեն Կենտրոնական բանկում գրանցված թվային ֆինանսական ակտիվների սակարկության կազմակերպման կանոններին համապատասխան:

Թվային դրամապանակը բացում է միայն դրա սեփականատիրոջ նույնականացման ընթացակարգը կատարումից հետո` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Թվային դրամապանակի բացման, թվային գրառումների մասին տեղեկատվության պահպանման, վարման, փակման կարգը, ինչպես նաև թվային թղթապանակների պաշտպանության նկատմամբ ներկայացվող պահանջները կսահմանի Կենտրոնական բանկը:

Կրիպտոարժույթների օտարումն ու փոխանակումը, որպես հարկման օբյեկտ, կդիտարկվեն գույքային իրավունքների իրականացման տեսանկյունից:

Օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Պատգամավորը հիմնավորման մեջ նշել է, որ «Թվային ֆինանսական ակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է թվային տեխնոլոգիաների զարգացման ընթացքով, այդ թվում ֆինանսական ոլորտում:

Նախագծով առաջարկվում է ամրագրել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվող կրիպտոակտիվների, պահպանման և շրջանառման իրավակարգավորումները, ինչպես նաև դրա ստեղծման ընթացքում անձանց իրավասությունները: Արդի զարգացումների արդյունքում թվային ֆինանսների ոլորտում լայն տարածում են ստացել այնպիսի հասկացություններ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում դեռեւս կիրառված չեն, որոնք ներկայացված են նախագծի 2-րդ հոդվածում: Մասնավորապես ներդրվում է մայնինգ, կրիպտոարժույթ, բլոկչեյն եզրույթները, ինչպես նաեւ մայնինգի արդյունքում ստեղծվող թվային ֆինանսական ակտիվը կամ կրիպտոարժույթը նույնականացվում է գույքի հետ:

Նախագծով սահմանվում է անձանց շրջանակը, որոնք կարող են զբաղվել թվային ֆինանսական ակտիվների գործարքներով, ինչպես նաև ամրագրվում են պայմաններ, որոնց առկայության դեպքում անձինք կարող են կրել հարկային պարտավորություններ: Օրենքի նախագծով առաջարկվում են վավերապայմաններ, որոնց պարագայում «Փողերի լվացման ևահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կարող է իրականացվել համապատասխան անձանց նույնականացում:

Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է նշյալ ոլորտում Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի փորձը, ինչպես նաև Եվրոպական միության հետազոտությունները և Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական միության խորհրդի հանձնարարականներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել