Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցութունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և շրջանառել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձը, որը հարկային օրենսգրքով սահմանված արտոնություն է՝ կիրառել նաև ծառայությունների մատուցման և քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերով աշխատող քաղաքացիների նկատմամբ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձ է նախատեսվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար, որոնց շարքում ներառված չեն այն քաղաքացիները, ովքեր աշխատում են ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերի հիման վրա:
Այդ պայմանագրերով, սակայն, չկա որեւէ տարբերակում ինչպես եկամտային հարկի դրույքաչափի, այնպես էլ վճարման կարգի վերաբերյալ:
Հետեւաբար, կարծում ենք, որ նման սահմանափակումը չունի որեւէ հիմնավորում եւ առաջացնում է չհիմնավորված խտրականություն:
Ներկայացված օրենսդրական փոփոխության առաջարկով նախատեսվում է հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունը կիրառել նաեւ ծառայությունների մատուցման եւ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերով աշխատող քաղաքացիների նկատմամբ: