Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցում և Ինֆեկցիոն–հակատուբերկուլյոզային հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են պարզվել, որոնց առթիվ մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր:
Մասնավորապես, 2019 թ. հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ ըստ ստացված տեղեկությունների «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ–ի տնօրենը թույլ է տվել չարաշահումներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ–ի ըմբշամարտի մարզիչ–մանկավարժը 2014-2018թթ. ընթացքում ընդհանուր 29 ամիս բացակայել է ՀՀ–ից, սակայն ՊՈԱԿ–ի տնօրենը պաշտոնեական դիրքն օգտագործելով, այդ ընթացքում Վ. Ս.-ին աշխատանքից չի ազատել, իսկ վերջինիս անվամբ դուրս է գրվել ընդհանուր շուրջ՝ 2.5 մլն ՀՀ դրամի աշխատավարձ:
Մյուս դեպքով 2019 թ. հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժին ՀՀ ԱԱԾ ՇՄ աշխատակիցներից ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու ինֆեկցիոն–հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրենը 2011-2019թթ. հիվանդանոցում որպես սանիտար, բուժքույր, ինչպես նաև էլեկտրիկ՝ համատեղության կարգով նաև բակի բանվոր, դռնապահ, վարորդ, աշխատանքի է ընդունել երեք անձանց, մինչդեռ նրանցից երկուսի կողմից տարբեր ամիսների ՀՀ–ից բացակայելու, իսկ երրորդի կողմից իր աշխատանքային պարտականությունները չկատարելու, չաշխատելու պայմաններում յուրաքանչյուր ամիս կեղծել է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ անձանց կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ: Ապա հիշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմված հաշվետվությունները ներակայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն, որի հիման վրա հատկացված խոշոր չափերով՝ շուրջ 2.6 մլն ՀՀ դրամ գումարը պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության եղանակով հափշտակվել է:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, և հանգամանքների լիարժեք պարզման համար անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, նշված երկու դեպքերով էլ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել են քրեական գործեր. «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ–ի դեպքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի դեպքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով:
Քրեական գործերը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: