Այսօր 13:46 րոպեից էլեկտրաէներգիայի հաճախականության տատանում է եղել, լարման հետևանքով անջատվել են Հրազդան ՋԵԿ-ի 5-րդ էներգաբլոկը այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։
Այս մասին քիչ առաջ, հրատապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
«Հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել: Այս պահին դեռևս հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց հաճախականության տատանումներ չունեն և էներգոարտադրանքի մատակարարումը վերականգնվում է»,-նշեց նա:
Փոխնախարարի խոսքով, Հայաստանի համակարգը սինխրոն կապված է Իրանի էլեկտրոհամակարգի հետ և մի երկրում հաճախականության տատանումը զգացվում է մյուս երկրում: «Վարկածներից մեկն այն է, որ խնդիրը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք կապվել են մեր գործընկերների հետ և մեր իրանական գործընկերները փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում»,-նշեց նախարարը ևս մեկ անգամ ընդգծվելով, որ դա 100 տոկոս չէ:
Նրա խոսքով կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։
«Անհանգստանալու կարիք չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ տեղի ունենա»,-ասաց նա՝ հավելելով, որ ատոմակայանի հետ կապված ևս ոչ մի վտանագավոր բան չկա: