Խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ. ՊՎԾ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։

Այս մասին հայտնում են ՊՎԾ մամուլի ծառայությունից:

Արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։ 

Ընդհանուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ։ «Արտաշատ» և «Արմավիր» ՋՕԸ-ի մասով հայտնաբերված խախտումները կազմում են ավելի քան 2,6 մլրդ դրամ։

Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և բացահայտվել են մի շարք երևույթներ։

Մասնավորապես,

  1. Ուսումնասիրությամբ պարզվել են, որ խորքային հորերի և պոմպակայանների կողմից փաստացի ծախսված էլ. էներգիայի պայմաններում խորքային հորերի և պոմպակայանների իրական արտադրողականության հիման վրա կատարված հաշվարկի արդյունքում ընկերության կողմից մատակարարված ջրի դիմաց տարեկան հասույթը պակաս է ցույց տրվել, որը ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից։ Այսինքն, ուսումնասիրություն իրականացնող խմբի և Ջրային պետական կոմիտեի համապատասխան մասնագետների կողմից ջրաչափումներ են իրականացվել բոլոր պոմպակայաններից և խորքային հորերից փաստացի ծախսվող էլ․էներգիայի և մղվող ջրի ծավալների մասով՝ ստացվել են յուրաքանչյուրի արտադրողականությունները և դրանք համեմատվել Ջրային համակարգում առկա տվյալների հետ։ Արդյունքում պարզվել է, որ Ջրային համակարգում առկա տվյալները՝ արտադրողականությունները և հզորությունները, պակաս չափով են մուտքագրված, հետևաբար՝ նույն չափով ծախսված էլ․էներգիայի պայմաններում ցույց է տրվել ավելի քիչ չափով մատակարարված ոռոգման ջուր, սակայն կարելի է փաստել, որ ջուրը մղվել է, դրա դիմաց հասույթը գանձվել է, սակայն չի արտացոլվել հաշվետվություններում, կամ այդ չափով պակաս էլ․էներգիայի գումար պետք է հաշվարկվեր և վճարվեր։  

Միևնույն ժամանակ, ուսումնասիրություն իրականացնող խմբի կողմից ընկերության սպասարկման տարածքում հայտնաբերվել են մշակվող հողատարածքներ, որոնք փաստացի ոռոգվել են, սակայն ՋՕԸ-ի հետ չեն ունեցել համապատասխան պայմանագրեր։ Հետևաբար, կարելի է պնդել, որ ոռոգման ջուրը մղվել է, սակայն դրա դիմաց հասույթը չի արտացոլվել Ջրային համակարգում։

  1. Յուրաքանչյուր ՋՕԸ-ի համար սահմանված են ջրի կորուստների ընդունելի մակարդակներ, սակայն արձանագրվել են դեպքեր, երբ ընկերության կողմից ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները գերազանցվել են։
  2. Ընկերությունը ոռոգման համար անհրաժեշտ ջուրը ձեռք է բերում խորանարդ մետրի հաշվարկներով, իսկ իրացումը կամ ջրտուքը իրականացնում է հեկտարի հաշվարկով։ Տվյալ դեպքում ստացվում է անհամադրելի հաշվարկներ և անհնարին է դառնում հաշվարկել տնտեսական գործունեության իրական արդյունքները։
  3. Դեբիտորական պարտքերի վերաբերյալ։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոռոգման համար մատակարարված ջրի դիմաց ջրօգտագործողները ունեն մեծ պարտքեր, որոնք ջուրը օգտագործել են, սակայն վճարումներ չեն կատարել և Ջրային համակարգում առկա են պարտքեր։ 
  4. Չհիմնավորված վարկային միջոցների ներգրավում և բանկային տոկոսների մասով լրացուցիչ չհիմնավորված ծախսերի կատարում։
  5. Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նույն հողատարածքի ոռոգման համար տարբեր տարիների համար օգտագործվել է տարբեր ծավալի ջուր, ինչը ոչ իրատեսական է։ Արդյունքում, ստացվում է, որ ոռոգման ջրի դիմաց հասույթը ամբողջությամբ չի արտացոլվել։ 
  6. Առանց համապատասխան ջրային թույլտվությունների ձկնաբուծական տնտեսությունների շահագործում։ Այդ մասով, վերջիններիս կողմից ջրի մատակարարումը իրականացվում է ՋՕԸ-երի կողմից, որի դիմաց վճարվում է միայն սպասարկման գումար։
  7. Գարնան նախապատրաստական աշխատանքներում ներառված ջրանցքների մաքրման աշխատանքների համար ծախսված գումարների ճշտության ուսումնասիրությունը գրեթե դառնում է անհնար, քանի որ չեն համապատասխանում կատարողական ակտերը թերությունների ակտերին և ստուգայցերի արդյունքներին։ Ինչպես նաև գնացուցակներով կատարված հաշվարկները չեն հիմնավորվում քանի որ հաշվարկի հիմքում դրված գործակիցների ընտրությունը հիմնավոր չեն, կամ կատարված աշխատանքների համար հաշվարկված արժեքները չեն հիմնավորվում։ 
  8. Տրանսպորտային միջոցների վարձակալությունը 2017-2018թթ-ին կատարվել է ոչ խելամիտ գնագոյացման շրջանակներում, քանի որ  մեկ տարվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցի վարձակալության ընդհանուր գումարը գերազանցում է դրանց վաճառքի շուկայական արժեքին, որը հիմնավորվում է նաև այն փաստով, որ Ընկերությունը 2018թ-ին նույն տեսակի տրանսպորտային միջոցները վաձակալում է 3-7 անգամ թանկ, քան 2015թ-ին։
  9. Հիմնական միջոցների հաշվառման ուսումնասիրությամբ պարզվեց, որ Ընկերության կողմից կատարվել են հիմնական միջոցների դուրս գրումներ, որոնց վերաբերյալ բացակայում են դուրս գրման ակտերը։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքները ուղարկվել են ՀՀ դատախազություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել