Նախատեսվում է արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնավորման համաձայն,  փոփոխությունների կատարման արդյունքում կապահովվի «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համապատասխանեցումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի պահանջներին, ինչպես նաև կվերանայվեն արական սեռի զինապարտ քաղաքացիներին անձնագրեր տրամադրելու ժամկետները և ընթացակարգը։

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287 օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:

Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասերով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով:

Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև ավելի երկար վավերականության ժամկետով:»:

Որոշման ընդունման հիմնավորման համաձայն

2017 թվականին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝  առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող կամ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվում համապատասխանաբար՝ 3 անգամ՝ 1 տարի ժամկետով և երեք տարի ժամկետով՝ միայն մեկ անգամ: Այնուհետև փորձաքննության արդյունքում ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում տվյալ քաղաքացին մինչեւ 27 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության` հինգ տարին մեկ անգամ: Բժշկական վերափորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով: Նման նոր օրենսդրական կարգավորումների առկայության պարագայում ստացվում է այնպես, որ քաղաքացին մինչև 27 տարին լրանալը կարող է ենթակա լինել բժշկական վերափորձաքննության, սակայն փաստացիորեն տարկետում չունենալ, ինչի արդյունքում «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնագիրը զորակոչային տարիքը լրանալու դեպքում` տրամադրվում է մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով։ Մինչդեռ, ինչպես տարկետումը, այնպես էլ վերափորձաքննության ենթակա լինելը, տեսականորեն, անձի զինվորական ծառայության զորակոչվելը որոշակի ժամկետով հետաձգելու իրավական գործիքներ են։ Նշված հարցը քննարկվել է նաև ՀՀ ՊՆ մասնագետների հետ և ոչ նպատակահարմար է գտնվել վերափորձաքննության ենթակա քաղաքացիներին վերափորձաքննության ժամկետից ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրելը կամ դրանում վավերականության մասին նշում կատարելը։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ օրինագծով սահմանվել է, որ վերափորձաքննության ենթակա քաղաքացիների անձնագրերը կտրամադրվեն վերափորձաքննության ժամկետով։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին:  Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Բացի այդ,Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող և դեռևս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ: Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեև սովորում են մինչև 18 տարին լրանալը և, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ: Նույն խնդիրն ունենում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-ից 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը: Նշված խնդիրները լուծելու և արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ:

Հարկ է նշել նաև, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող  արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Բացի այդ, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր և հետևաբար անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել