Շիրակի մարզում արձանագրվում է բնակարանային գողությունների նվազում. դատախազություն

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, 2019թ. սկզբին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր էին ձեռնարկվել հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարելավելու  ուղղությամբ:

Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, Շիրակի մարզում բնակարանային գողությունների դեմ պայքարի ակտիվացման շրջանակներում մարզի դատախազի կողմից մարզպետին և ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հասցեագրվել էին համապատասխան գրություններ, ապա նաև մարզի դատախազության նախաձեռնությամբ Շիրակի մարզպետի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի, վերջինիս տեղակալների, ոստիկանության տարածքային բաժինների պետերի, Գյումրու քաղաքապետի տեղակալի, Արթիկի քաղաքապետի, Անի և Ախուրյան խոշորացված համայնքների ղեկավարների մասնակցությամբ մարտ ամսվա ընթացքում անցկացվել էր խորհրդակցություն: Դրանց արդյունքում քարտեզագրվել ու կոնկրետացվել էին բնակարանային գողությունների կատարման համար հիմնական թիրախ և ռիսկային հանդիսացող բնակավայրերը, միջոցներ էին ձեռնարկվել համայնքների բնակիչների գույքի անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով համապատասխան բնակավայրերի տարածքները, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը տեսախցիկներով, ինչպես նաև այդ շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ, իսկ այնպիսի տարածքներում, որտեղ շատ են առանձնատները, որոշվել էր ուժեղացնել պարեկային ծառայությունը:

Խնդիր էր դրվել նաև բնակավայրերի մուտքի ու ելքի, ինչպես նաև առավել խոցելի թաղամասերի, հանգուցային հանդիսացող ճանապարհահատվածներին տեղադրել տեսախցիկներ՝ ելնելով նաև այլ հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից:

Պլանավորված միջոցառումների, ինչպես նաև տրված հանձնարարկանների կատարումից հետո՝ 2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում, այսինքն ապրիլի 1-ից մինչ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա բաժինների կողմից սպասարկվող վարչական տարածքներում գողության համար որպես ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, զվարճանքի կենտրոններում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել է ընդհանուր թվով 127 տեսախցիկ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի և Կումայրիի սպասարկման տարածքներում՝ 39-ական, Արթիկում՝ 14, Անիում՝ 12, Ախուրյանում՝ 12, Ամասիայում՝ 6, Աշոցքում՝ 5:

Որպես հետևանք՝ այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում բնակարանային գողությունների դեպքերի և դրանց բացահայտման ցուցանիշների համեմատական դիտարկումը վկայում է, որ իրականացված միջոցառումներից հետո արձանագրվել է կտրուկ դրական տեղաշարժ: Մասնավորապես՝ եթե մինչ այդ, այսինքն առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է 35 նման դեպք, ապա երկրորդ եռամսյակի ընթացքում՝ 23 կամ 40 տոկոսով ավելի քիչ:

Էապես բարելավվել է նաև նշված հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Եթե, օրինակ 2018թ. առաջին կիսամյակում բացահայտվել էր մարզի բնակավայրերում կատարված բնակարանային գողությունների 34 տոկոսը, ապա այս տարվա նույն ժամանակահավածում՝ 57 տոկոսը:

Ընդ որում, վերջին ժամանակահատվածի բացահայտման առումով, մի քանի դեպքով առանցքային նշանակություն են ունեցել տեղադրված տեսախցիկները, որոնց ուսումնասիրությամբ հետաքննական մարմինը հնարավորություն է ստացել հայտնաբերելու հանցանք կատարած անձանց:

Նշված ոլորտում աշխատանքները շարունակվում են: Համայնքային իշխանությունների հետ համագործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում նաև բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել