Արարատում տեղի ունեցած ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում է վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարված դեպքի վայրի զննությամբ «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 6 այրված դի. զննությամբ պարզվել է, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական:

Քննությամբ պարզվել է հայտնաբերված դիերից հինգի ինքնությունը, իսկ մեկ իգական սեռի դիակի ինքնությունը դեռևս պարզված չէ:

Պարզվել էին նաև «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի՝ այրվածքներ ստացած ևս յոթ ուղևորների, ինչպես նաև՝ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայում վթարի պահին գտնված թվով չորս անձանց ինքնությունը:

Ավտովթարի մասնակից «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայի վարորը և դեպքի պահին ավտոմքենայում գտնված ևս մեկ անձ վնասվածքներ չեն ստացել:

Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ:

Այսօր ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհարժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել