2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Քոչարյանի փաստաբանական թիմից։ Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը, Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի համար խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ռոբերտ Քոչարյանի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: