Վարորդական վկայականներ ստանալու համար նոր պահանջներ են նախատեսվում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Ճանապարհային ոստիկանության կողմից մշակված «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի մշակումը պայմանավորված է գործող որոշումը Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի և գործող օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված չէ գործնական վարման հմտությունների և վարքագծի ստուգման, քննություն անցկացնող ոստիկանության ծառայողների վերապատրաստումը, դրա կազմակերպման և անցկացման կարգը: Այդ պահանջը բխում է վերոնշված հրահանգից, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների օրինակներից:

ՀՀ-ում լայն տարածում է գտել մոպեդների շահագործումը, որի վարելու համար սակայն մինչ օրս իրավունք նախատեսված չէ: Մոպեդներ վարողների համար իրավունք սահմանելը ուղղված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամրապնդմանը:

Ներկայումս վարորդական վկայական ստանալու համար անցկացվող որակավորման գործնական քննությունը անցկացվում է միայն ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ հաշվառման-քննական այն ստորաբաժանումներում, որտեղ առկա չէ ավտոդրոմ կամ ավտոհրապարակ անցկացվում է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում՝ 15 րոպե ժամանակով: Այդ հանգամանքները չեն կարող լիարժեք պատկեր ապահովել վարորդի թեկնածուի վարման հմտությունների և վարքագծի վերաբերյալ, ուստի նախատեսվում է, որ գործնական քննությունը անհրաժեշտ է իրականացնել և ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, և ճանապարհային երթևեկության իրական պայմաններում 25 րոպե ժամանակ «A», «AM», «A1», «B», «B1» եւ «BE» կարգերի ու ենթակարգերի համար և 45 րոպե ժամանակ այլ կարգերի ու ենթակարգերի համար, որոնք նույնպես հրահանգի պահանջներ են:

Ներկայումս վարորդական վկայական ստանալու համար անձը պարտադիր ներկայացվում է անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում անձի հաշվառման վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում՝ ըստ փաստացի բնակության վայրի տեղեկանք, ինչն ըստ էության չի արտացոլում տվյալ անձի ՀՀ-ում հաշվառված լինելու օրինականության մասին: Ինչպես նաև ամրագրված չէ օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքում բնակության փաստը հավաստող պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթի վերաբերյալ դրույթ:

«C» կարգի համար գործող օրենսդրությամբ չի նախատեսվում հատուկ ուսուցում, ինչը առօրյա կյանքում վթարների և աղետների է հանգեցնում՝ վարման առանձնահատկությունների, վարորդների անշրջահայեցության և կոնկրետ իրադրությունում չկողմնորոշվելու պատճառով:

Միաժամանակ, ներկայումս ՀՀ կառավարությունում է գտնվում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է նաև մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, ինչպես նաև դրանք վարելու համար վարորդական վկայական (AM) ունենալու պահանջը:

Նշված խնդիրներին լուծում տալու համար մշակվել է  նախագիծը: Որոշման նախագծի ընդունմամբ գործող որոշումը կհամապատասխանեցվի Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի գործող օրենքների պահանջներին, ինչպես նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն առավել հստակ և արդիական կարգավորում կստանա:

Նախագծի ընդուման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ին:

Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգին ծանոթացեք ստորև.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել