Անցկացվեց «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովը

Այսօր՝ հուլիսի 4-ին, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողով:

Խորհրդաժողովի առաջին մասում զեկույցներով հանդես եկան իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը (Գերմանիա), ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ի.գ.թ., դոցենտ Արթուր Ղազինյանը և ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը։

Քննարկումներ տեղի ունեցան «Սահմանադրության մեկնաբանություն. գործիքներ և սահմաններ» և «Դատական իշխանությունը որպես իրավունքի սահմանապահ» թեմաներով:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը նշեց, որ Սահամանդրության մեկնաբանման հետ կապված առաջին խնդիրն այն է, թե երբ կարելի է մեկնաբանել այն. «Սահմանադրության մեկնաբանությունը որպես կանոն ենթադրում է, որ պետության մեջ որևէ իրավական համակարգի, պետական կառույցի, սահմանադրականության, սահմանադրության, իշխանության երեք թևերի հետ կապված որևէ ճգնաժամ չկա»,-նշեց նա: Վարդան Այվազյանը նշեց նաև, թե Սահմանադրության մեկնաբանությունների արդյունավետությունն ինչ հանգամանքներով է պայմանավորված:

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լյուֆթենհանդը 1990-ական թվականների սկզբից ակտիվ գործունեություն է ծավալել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) շրջանակներում Հայաստանի օրենսդրության մշակման, փորձագիտական խորհրդատվության գործում: Նա երկար տարիներ սերտորեն համագործակցել է նախկին իշխանությունների հետ և լավատեղյակ է ՀՀ Սահմանադրության հետ կապված խնդիրներին:

Ինչպես, ինքը նշեց, այս պահին ևս Հայաստանում է գտնվում Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) ծրագրի շրջանակներում: Ի դեպ նաև նշենք, որ Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը նույնպես 2001-2010թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան: 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նա եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու:

Իր ելույթում պարոն Լյուֆթենհանդը անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Սահմանադրական դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը՝ բարձրացնելուվ ՍԴ անդամների ու նախագահի պաշտոնավարման լեգիտիմության հարցը:

Անդրադառնալով Սահմանադրության մեկնաբանման նորմերին, բանախոսը նշեց. «Սահմանադրության մեկնաբանման համար հիմնական նախադրյալն այն է, որ պետք է ընկալենք, որ սա միասնական փաստաթուղթ է։ Եթե Սահմանադրության տեքստը լի է հակասություններով, ապա դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա և կորցնում է իր ամբողջ իմաստը»:

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ շատ հազվադեպ է, երբ Սահմանադրությունը չի պահանջում մեկնաբանություն: «Ցավոք, մեզ մոտ իսպառ չի վերացել խորհրդային մոտեցումը, որի հիմքում երեք կարևոր դրույթ էր դրված և բացակայում էր ամենակարևորը: Առաջին հիմնասյունը բառացի մեկնաբանումն էր, երկրորդը՝ իրավունքի ընդհանուր սկզբունքները, և երրորդը՝ օրենքից վեր արժեքները, կարևոր տարրը, որ պակասում էր՝ օրենքի նպատակն էր»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Ելույթ ունեցավ նաև ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը՝ նշելով, որ ցանկացած քաղաքակիրթ պետություն ղեկավարների ուղերձներում ցիտում է Սահմանադրությունը, նրանց ամբողջ միտքը, ամբողջ քաղաքականությունը հիմնված է Սահմանադրության վրա:

Խորհրդաժողովի երկրորդ մասում ելույթ ունեցան իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը, ԱԺ պատգամավոր, ի.գ.թ., դոցենտ Գևորգ Պետրոսյանը, ՄԻԵԴ իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել