Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերով առաջարկվում է համայքներին տրամադրել արտոնություն՝ ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի պետական ռեգիստրի հետ պետական գրանցման համար օրենքով նախատեսված տուրքի և ծառայությունների մատուցման վճարների գումարների վճարումը տարաժամկետ կարգով վճարելու պայմանագրի հիման վրա կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից՝ երկու տարվա ընթացքում, եռամսյակային պարբերականությամբ՝ պետական տուրքի և ծառայությունների մատուցման վճարների գումարների մեկ ութերորդի չափով: Նախագծերի ընդունմամբ ՀՀ համայնքներին հնարավորություն կընձեռվի պետական տուրքի և վճարի գումարները վճարել տարաժամկետ կարգով, որով հնարավորություն կստեղծվի նաև ավելի արդյունավետ օգտագործել բյուջեների միջոցները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին հուլիսի 9-ին ժամը 10:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարանի բաժնետոմսերի ուղղակի վաճառքի արդյունքում Դիլիջան համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցներից 10,240.1 հազ. դրամը Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի ավտոճանապարհահատվածի բետոնացման աշխատանքների իրականացմանն ուղղելու ծրագրին: Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի Մխիթար Գոշի փողոցի 9-րդ նրբանցքի ճանապարհահատվածը բնակավայրի խիտ բնակեցված, երկու թաղամասեր միմյանց կապող միակ ճանապարհն է, որն օգտագործվում է նաև գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամանակ: Դիլիջան համայնքի ավագանու կողմից հավանության արժանացած ծրագրով ճանապարհի հիմնանորոգման իրականացմամբ ակնկալվում է այս տարածքում գյուղատնտեսական աշխատանքների աշխուժացում, խիտ բնակեցված այս տարածքի բնակիչների համար կյանքի որակի բարելավում: