2019 թ. ոռոգման շրջանը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:
Ըստ հիմնավորման՝ ջրօգտագործողների ընկերությունները դեռևս անցած տարիներից կուտակել են մեծաքանակ պարտքեր՝ մասնավորապես, վերջին տարիների սակավաջուր և չոր եղանակի հետ կապված՝ ոռոգման համակարգում իրականացված մեխանիկական ջրարտադրությունից առաջացած էլեկտրաէներգիայի հսկայական պարտքերը: 2019 թ. ոռոգման շրջանը սկսվել է, սակայն այն պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար ՋՕԸ-երը կանգնել են մեծ դժվարությունների և խոչընդոտների առաջ։ Հունիսի 10-ի դրությամբ ՋՕԸ-երի ընդհանուր կրեդիտորական պարտավորությունները կազմում են 4087,9 մլն դրամ, որից ծախսված էլեկտրաէներգիայի գծով պարտքը 873,0 մլն դրամ, ջրառի գծով պարտքը՝ 1247,7 մլն դրամ, կուտակված աշխատավարձի գծով պարտքը՝ 735,8 մլն դրամ, չկատարված հարկային պարտավորությունների գծով՝ 322,6 մլն դրամ և այլն։ Հարկային ժամկետանց պարտավորությունների և մյուս կրեդիտորական պարտավորությունների համար ՋՕԸ-երի բանկային հաշիվների վրա կիրառվել են արգելանքներ, որը խոչընդոտ է հանդիսանում ֆինանսական գործունեություն իրականացնելու, հետևաբար, ոռոգման շրջանը կազմակերպելու համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է մարել ՋՕԸ-երի կուտակած ավելի քան 4 մլրդ դրամ պարտքը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այս որոշմամբ կառավարությունը աննախադեպ քայլ է կատարում: Նախարարի խոսքով՝ դրա շնորհիվ աշնանը ՋՕԸ-ը իրենց գործունեությունը կմեկնարկեն առանց պարտքի, ինչը հնարավորություն կտա առողջացնել համակարգը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ անցած տարիներին ՋՕԸ-ների պարտքն աճողական տեմպերով է ավելացել: «Բայց այստեղ ունենք համակարգային խնդիր: Ընդհանուր ՋՕԸ-ների համակարգն ինչ-որ սխալ խթանների վրա է կառուցված, որն անընդհատ նման խնդիրներ է առաջացնում: Այո, ենթակառուցվածքներում ունենք մեծ խնդիրներ, ունենք կորուստներ, բայց դա չի նշանակում, որ այս ձևաչափը թույլ է տալիս ճիշտ մեխանիզմով աշխատել»,- նշել է փոխվարչապետը և հավելել, որ համակարգային փոփոխությունների վերաբերյալ հարցերը կքննարկվեն մինչև սեպտեմբեր: