Ազգային ժողովի պատգամավորները աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել, որի մասին այսօր՝ հունիսի 4-ին, կառավարությունը պետք է եզրակացություն տա: Պատգամավորները առաջարկում են հետևյալ փոփոխությունը անել և սահմանել, որ եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկուսից ավելի անգամ կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկուսից ավելի անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
Իսկ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ աշխատանքային պայմանագիրը կկնքվի որոշակի ժամկետով, եթե աշխատողն այդ մասին գրավոր միջնորդել է կամ տվել է գրավոր ձևով արտահայտված համաձայնություն:
Պատգամավորները հիմնավորման մեջ նշել են, որ նախագծի համար հիմք են ընդունվել «Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին» ԱՄԿ 1982թ. թիվ 166 հանձնարարականի 3-րդ կետի 2-րդ ենթակետի կարգավորումները: Միաժամանակ հարկ է նշել, որ նման պահանջ ամրագրված է նաեւ «ԵԱՄՀի, ԵԱԳՀՄի եւ ՀՄՁԵԿի կողմից կնքված՝ որոշակի ժամկետով աշխատանքի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի մասին» 1999 թվականի հունիսի 28-ի թիվ 1999/70 ԵՄ դիրեկտիվի 5-րդ դրույթի 1-ին կետի «բ» եւ «գ» ենթակետերով:
«Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին» ԱՄԿ 1982թ. (թիվ 166) հանձնարարականի 3-րդ մասի 2-րդ կետը նախատեսում է, որ, օրինակ, օրենսդրությամբ կարող են ամրագրվել դրույթներ հետեւյալի մասին. ա) սահմանափակել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքումը այն դեպքերում, երբ հաշվի առնելով կատարվող աշխատանքի բնույթը կամ աշխատանքի կատարման պայմանները կամ աշխատողի շահերը, աշխատանքային հարաբերությունները չեն կարող լինել անորոշ ժամկետով, բ) սույն մասի (ա) կետում նշված դեպքերից բացի՝ որոշակի ժամկետով կնքված պայմանագրերը համարել որպես անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրեր. գ) սահմանել, որ որոշակի ժամկետով կնքված եւ մեկ կամ մի քանի անգամ ժամկետը երկարաձգված պայմանագրերը, բացառությամբ սույն մասի (ա) կետում նշված դեպքերի, համարվում են անորոշ ժամկետով կնքված։
«ԵԱՄՀի, ԵԱԳՀՄի եւ ՀՄՁԵԿի կողմից կնքված՝ որոշակի ժամկետով աշխատանքի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի մասին» 1999 թվականի հունիսի 28-ի թիվ 1999/70 ԵՄ դիրեկտիվի 5-րդ դրույթի 1-ին կետով սահմանված է, որ որոշակի ժամկետով իրար հաջորդող աշխատանքային պայմանագրերից կամ հարաբերություններից բխող չարաշահումները կանխելու համար անդամ պետությունները, սոցիալական գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, ազգային իրավունքի, կոլեկտիվ պայմանագրերի կամ պրակտիկայի համաձայն եւ (կամ) սոցիալական գործընկերներն իրենք, հաշվի առնելով կոնկրետ ոլորտների եւ (կամ) աշխատողների կատեգորիաների կարիքները, կիրառում են հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը, եթե գոյություն չունեն չարաշահումները կանխարգելող համարժեք իրավական այլ միջոցներ՝
ա) օբյեկտիվ պատճառներ, որոնք հիմնավորում են նման պայմանագրերը կամ հարաբերությունները.
բ) սահմանված՝ իրար հաջորդող աշխատանքային պայմանագրերի կամ հարաբերությունների ընդհանուր առավելագույն տեւողությունը.
գ) նման պայմանագրերի կամ հարաբերությունների նորացման թիվը։
Հաշվի առնելով վկայակոչված կարգավորումները՝ աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքի պահպանման, ինչպես նաեւ գործատուների կողմից ժամկետները լրանալու հիմքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման կամայականությունները հնարավորինս բացառելու նպատակով, Նախագծով նախատեսվել է միեւնույն գործատուի մոտ միեւնույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման կամ նորացման վերաբերյալ սահմանափակումների սահմանում՝ Նախագծով միաժամանակ, աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքը հիմք ընդունելով՝ բոլոր աշխատողների համար այդ սկզբունքի հավասար կիրառելիությունն ապահովելու նպատակով համատեղությամբ աշխատանք կատարողների համար անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն է ընձեռվում, քանի որ համատեղությամբ աշխատանքի պարագայում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը որեւէ փաստով չի հիմնավորվում:
Գործող կարգավորումը իմպերատիվ կերպով սահմանում է, որ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ պետք է կնքվի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է համատեղությամբ աշխատանք կատարողների հետ աշխատանքային պայմանագըի կնքում որոշակի ժամկետով միայն այն դեպքում, երբ աշխատողն այդ մասին գրավոր միջնորդել է կամ տվել է գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն: