Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային մեխանիզմները, այդ թվում միջազգային կազմակերպությունների գործառույթները, նրանց կողմից Հայաստանին տրված հանձնարարականները և դրանց կատարման ընթացքը:
Հակակոռուպցիոն պայքարում ելակետային փաստաթուղթ է համարվում «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիան: Կոնվենցիայի նախաբանում նշված է. «Անհանգստացած լինելով հասարակությունների կայունության և անվտանգության համար կոռուպցիայի առաջացրած խնդիրներով և սպառնալիքներով, որոնք խարխլում են ժողովրդավարական ինստիտուտներն ու արժեքները, բարոյական արժեքներն ու արդարությունը և վտանգում են կայուն զարգացումն ու օրենքի գերակայությունը, անհանգստացած լինելով նաև կոռուպցիայի և հանցավորության այլ ձևերի միջև կապերով, մասնավորապես` կազմակերպված հանցավորության և տնտեսական հանցավորության, ներառյալ` փողերի լվացման հետ…համաձայնեցին հետևյալին…»:
Իրավաբանների հայակական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ դերակատարություն ունեցող յուրաքանչյուր կառույցների դերը և դրանց հանձնարարականները Հայաստանի համար:
Կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող միջազգային հեղինակավոր կառույցներից է Հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցը (OECD), Եվրոպայի խորհրդի «Գրեկո» խումբը (GRECO) և այլն:
Դպրոցի մասնակիցները բաժանվեցին 2 թիմի ու գործնական աշխատանք կատարեցին:
Յուրաքանչյուր թիմ պետք է պատասխաներ հարցի, թե ինչո՞ւ է ՀՀ-ի համար կարևոր միջազգային կազմակերպությունների հանձնարարականների կատարումը: Յուրաքանչյուր պատասխան պետք է դառնար հարց և վերջին, 5-րդ պատասխանը պետք է պատասխաներ առաջին հարցին:
Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ այս ամենը իհարկե կարևոր է, սակայն պետք չէ մոռանալ, թե որքան կարևոր է Հայաստանի ինքնիշխանությունը:
«Լավագույն փորձը հաշվի առնելը իհարկե կարևոր է, միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցելը նույնպես, սակայն պետք չէ մոռանալ ինքնիշխանության և հանրության շահի մասին: Հայաստանը կարող է և պետք է ունենա սեփական լավագույն փորձը»,-նշեց փորձագետը:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: