Հունիսի 29-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ստորաբաժանումների ղեկավարներ և հանցավորության դեմ պայքարում աչքի ընկած ծառայողներ։ Մինչ խորհրդակցությանն անցնելը ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերու համար պարգևատրման ներկայացած ոստիկաններին, որից հետո տարբեր ստորաբաժանումների շուրջ երկու տասնյակ ծառայողներ արժանացան դրամական պարգևների:
Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:
«Բոլոր այն ոստիկանները, որոնք աչքի կընկնեն պրոֆեսիոնալիզմով և հանցագործություններ կբացահայտեն, բացի իրենց հասանելիք աշխատավարձից, մշտապես կպարգևատրվեն լրացուցիչ գումարներով: Ավելին, կարծում եմ, որ ժամանակն է մեթոդներ և մեխանիզմներ մշակել, որպեսզի պարգատրվեն ոչ միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած ոստիկանները, այլև նրանք, ովքեր թեկուզ և մեկ անձնական ունեցվածքի գողություն կբացահայտեն»,-ընդգծեց ոստիկանության պետը` հավելելով, որ նման իրավիճակում, այսուհետ, առավել անընդունելի և անհանդուրժելի է լինելու ոստիկանի կողմից հակաօրինական ճանապարհով գումար ձեռք բերելու ցանկացած դրսևորում։
Եվս մեկ անգամ շնորհավորելով պարգևատրվողներին և մաղթելով բարի ծառայություն` ոստիկանության պետը շարունակեց խուհրդակցությունը:
Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ուժեղացված ծառայություններին և շնորհակալություն հայտնեց սրտացավ աշխատանքի համար: «Քաղաքացիներից այսօր մենք դրական արձագանք ենք ստանում, ինչը ողջունելի է և պետք է շարունակական կերպով ամեն ինչ անել ոստիկանության հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց ոստիկանության պետը:
Վերլուծելով հանրապետության օպերատիվ իրավիճակը, Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձավ մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին: Մարզային վարչության պետերին և Ճանապարհային ոստիկանության պետին ցուցում տվեց, հատակապես ամռանը, հանգստի գոտիներում, ժամանցի վայրերում, այդ թվում և մայրաքաղաքից մարզեր տանող ավտոճանապահներին ուժեղացնել ծառայությունը:
Ամփոփիչ խոսքում ոստիկանության պետն անդրադարձավ նաև ապօրինի որսի, անօրինական ծառահատումների դեմ պայքարի խնդիրներին՝ կարևորելով ոստիկանության սերտ համագործակցությունը համպատասխան գերատեսչությունների, բնապահպանական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին: