Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացնել 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009թ-ից փոփոխություններ չեն կրել և հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար:
Այսպիսով ակնկալվում է հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթանել ծառայողական պարտականությունների կատարումը:
Նախագծի ընդունման արդյունքում 2019թ. 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228.942,0 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:
Հավելենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից: