Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում ներկայացրեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունեց:
Առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ հիմնականում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում, որոնց ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն կկոչվի Կադաստրի կոմիտե, կվերանա «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջը, կկարգավորվի կադաստրի էլեկտրոնային ինքնաշխատ (ավտոմատ) համակարգով գործունեությունը։
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատվածում հայտնի սեփականատետերի վերաբերյալ:
«Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, Բեգլարյանը, նրա որդին, Աղվան Հովսեփյանը, Սեյրան Սարոյանը և այլք: 2000-ականներին երևանցիներին պատկանող տարածքը խլվել է և հիմա միլիոնատերերը առոք-փառոք իրենց տունն են կառուցել և վայելում են: Հետարքրքիր է իմանալ, թե ինչպես է հանգուցալուծվելու այս հարցը»,-նշեց Բաբաջանյանը:
Սարհատ Պետրոսյանը նշեց, որ կադաստրի կոմիտեն Սահմանադրությամբ սեփականության իրավունքի երաշխավորության գործիքն է:
«Մենք պաշտպանելու ենք այդ մարդկանց սեփականության իրավունքը, եթե դրանք օրենքի շրջանակում են, մենք պահպանում ենք այն բոլոր փաստաթղթերը, որոնք հիմք են հադիսանալու սխալները շտկելու համար: Կարծում եմ, որ որպես պետական պաշտոնյա, չեմ կարող գնահատականներ տալ այդ մարդկանցից գույք վերցնելու կամ չվերցնելու մասին: Երբ կլինեն հավաստի կասկածներ, մենք մեր լիազորությունների շրջանակում կտրամադրենք բոլոր փաստաթղթերը»,-նշեց Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարը՝ Panorama.am-ի