Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում ներկայացրեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունեց:
Առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ հիմնականում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում, որոնց ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն կկոչվի Կադաստրի կոմիտե, կվերանա «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջը, կկարգավորվի կադաստրի էլեկտրոնային ինքնաշխատ (ավտոմատ) համակարգով գործունեությունը։
Սարհատ Պետրոսյանը նշեց, որ նախագծով կադաստրի տրամադրած բազմաթիվ փաստաթղթերի իսկությունը՝ սեփականության վկայական, միասնական ու այլ տեղեկանքներ, կհաստատվի ոչ թե կնիքով, այլ առցանց։ Յուրաքանչյուր փաստաթուղթ առանձին կոդ է «գեներացնելու», որով քաղաքացին կամ ցանկացած այլ ոք կարող է Կադաստրի պաշտոնական կայքի էլեկտոնային բաժնում (e-cadastre.am) ճշտել դրա իսկությունը և օգտագործել.
«Սա շոշափելիորեն կհեշտացնի Կադաստրի գրասենյակ դիմողների գործը. դիմումը հանձնելու և տեղեկանքը ստանալու երկու այցերը կդառնան մեկ, բացառությամբ գույքի գրանցման և օտարման դեպքերի»,-ասաց Սարհատ Պետրոսյանը։
Առաջարկվող փոփոխություներով, սեփականատիրոջը հնի փոխարեն նոր նմուշի վկայական տալու հնարավորություն է ստեղծվում (գործող օրենքով հին նմուշի՝ «ծալովի», վկայականը նորով չի փոխարինվում)։
Օրենքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Կադաստրի կոմիտեն արդարադատության նախարարության հետ մեկ այլ նախաձեռնությամբ հանդես կգա, որով նոտարական գրասենյակներում արվող անշարժ գույքի բոլոր գործարքները պարտադիր կերպով կմուտքագրվեն Կադաստրի համակարգում:
Մանրամասները՝ տեսանյութում