Վրաստանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը՝ Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետ կապված

Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների  շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Իվետա Տոնոյանը և Արփի Դավոյանը ներկա են եղել Վրաստանի խորհրդարանում սկիզբ առած վիճաբանությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել