ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 54-ամյա տղամարդու դանակահարության մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է համագյուղացին:
2019թ. հունիսի 18-ին՝ ժամը 21:30-ին, «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Արմավիրի հիվանդանոց, «որովայնի շրջանի ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի բնակիչ՝ ծնված 1964 թվականին:
Անմիջապես հիվանդանոց է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 1964թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տուժողի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 18-ին՝ ժամը 19-ի սահմաններում, մարզի գյուղերից մեկի գերեզմանատանը համագյուղացիները կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ու կռվի են բռնվել, որի ժամանակ էլ 1964թ. ծնված տղամարդուն դանակի գործադրմամբ պատճառվել է մարմնական վնաս:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ՝ ծնված 1978 թվականին: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով:
Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել է դեպքին ականատես վկան, առգրավվել են տուժողի և կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: