Հունիսի 14-ին Գիտության կոմիտեում կազմակերպվել էր հանրային քննարկում գիտության ոլորտի Միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2020 թ. պետական բյուջեի հայտի նախագծի նախնական տարբերակների վերաբերյալ, որին մասնակցում էին ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հայտատու գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկմանը մասնակցում էր նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը:
Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նախ համառոտ ներկայացրեց կոմիտեի կողմից 2020-2022 թվականների համար առաջնահերթ համարվող հիմնական նպատակները, որոնք են
- Գիտության ֆինանսավորման արդյունավետության բարձրացում, կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմների ներդրում,
- Միջազգայնորեն մրցունակ հիմնարար ուսումնասիրությունների, տնտեսության պահանջներից բխող կիրառական հետազոտությունների, ինչպես նաև երկակի նշանակություն ունեցող գիտելիքների ձեռքբերմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
- Գիտական կադրերի վերարտադրության արդյունավետ համակարգի ներդրում, գիտության ենթակառուցվածքների արդիականացում.
- Գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցության կենտրոնների ստեղծում՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիական ոլորտներում,
- Կրթություն-գիտություն կապի ամրապնդում՝ ձևավորելով բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանցեր՝ ապահովելով ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաշխատողների ազատ տեղաշարժի իրավունքը ցանցի կազմակերպությունների մեջ.
- Հայագիտական հետազոտությունների առաջանցիկ զարգացման ապահովում, այդ թվում` միջազգային համագործակցության զարգացում:
Նա նշեց, որ ՄԺԾԾ 2020-2022 թթ. ծրագիրը կազմված է վերը նշված քայլերը հաշվի առնելով, ինչից էլ բխում են ծախսային ծրագրերը:
Կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը ներկայացրեց կոմիտեի հայտարարած մրցույթների պայմաններում կատարված փոփոխությունները:
Քննարկումներ ծավալվեցին տարբեր թեմաներով` միջին տարիքի գիտնականների խրախուսման ծրագրերից մինչև միջազգային գիտական կազմակերպություններին անդամակցություն և Ֆրանսիայից ԳԱԱ-ին նվիրաբերվող գերհամակարգչի սպասարկման ծախսերի ֆինանսավորում: Ընդարձակ առաջարկություններով հանդես եկավ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը: Քննարկման մասնակիցներին առաջարկվեց իրենց կարծիքները ներկայացնել գրավոր:
Քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկությունները և դիտողությունները սահմանված ժամկետում կամփոփվեն և կհրապարակվեն Գիտության կոմիտեի կայքում, ինչպես նաև կտրամադրվեն ՀՀ ֆինանսների նախարարությանը: