Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեսրոպյանը, ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը հունիսի 14-ին աշխատանքային քննարկում են ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Հանդիպմանը ներկա էր ԿԸՀ Ֆինանսատնտեսական վարչության պետ Մելանյա Մելքոնյանը։
Քննարկման ժամանակ քննարկվեց ԿԸՀ 2020-2022թթ.միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ․ բյուջետային ֆինանսավորման հայտերը, ինչպես նաև ներկայացվեցին դիտարկումներ ծրագրային միջոցառումներում փոփոխություններ կատարելու նպատակով։
Իրավաբան-փորձագետները առաջարկեցին ԿԸՀ-ի գործունեության ռազմավարական ուղղություններում նախատեսել ընտրական գորընթացի վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանն ողղված միջոցառումներ և սահմանել կոնկրետ արդյունքային ցուցանիշներ ապահովելը։ Դա կարող է իրականացվել, եթե իրազեկման նպատակով տպագրական նյութերի և հոլովակների ծավալները շատանան։ Նշվեց նաև, որ պետք է վերանայվի ընտրական հանձնաժողովների անդամների քննություն հանձնելու գործընթացը՝ այն ավելի արդար և թափանցիկ կազմակերպելու համար։
Խոսելով ԿԸՀ-ի բյուջետային հայտերում արդյունքային ցուցանիշների սահմանման հետ կապված գործնականում առաջացող մի շարք խնդիրներից, իրավաբան փորձագետներն առաջարկել են նշված հայտերում որպես արդյունքային ցուցանիշներ նախատեսել նաև Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների կողմից տրված դրական գնահատականները:
Հավելենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետները իրենց պատրաստակամությունը հայտնեցին օժանդակելու բյուջետային հայտում բոլոր անհրաժեշտ առաջարկությունները ներառելու համար և առաջիկայում կազմակերպության կողմից կներկայացվի առաջարկությունների փաթեթը: