Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամներ Մարատ Ատովմյանը և Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի հունիսի 10-ին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2020 թվականի բյուջեի, ինչպես նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտերի քննարկմանը:
Քննարկմանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանը, պետի տեղակալ Վարդան Պետրոսյանը և ֆինանսաբյուջետային վարչության այլ աշխատակիցներ:
Քննարկման ընթացքում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյան ներկայացրեց ոստիկանությունում վերջին ժամանակահատվածում ինչպես իրականացված, այնպես էլ իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղություններն ու դրանց ընթացքը:
Իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանն էլ նշեց. «Առաջին անգամ մեր հետևողական ջանքերով սկսել ենք այս նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով քննարկել պետական մարմինների բյուջետային հայտերը հանրային լայն շրջանակների հետ։ Մեր կազմակերպությունը կարևորում է պետական մարմինների հետ կառուցողական երկխոսության ծավալումը և ներկայացված առաջարկությունների հիման վրա բյուջետային հայտերի վերանայումը։ Հաշվի առնելով, որ նման ձևաչափը առաջին անգամ է կիրառվելու և փորձնական է, ակնկալվում է, որ հանրային լայն արձագանքի դեպքում կառավարությունը կնախաձեռնի այս գործընթացի համար իրավական հիմքեր ստեղծելու և այն մշտակա դարձնելու քայլեր»:
Ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանն մանրամասն ներկայացրեց Ոստիկանության 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերի հիմնական միջոցառումները, դրանց արդյունքային ցուցանիշները, ինչպես նաև Ոստիկանության թվաքանակի, պահպանման ծախսերի մեծությունը և գործունեության արդյունավետությունը, որոնք, որպես կանոն, գնահատվում են միջազգայնորեն ընդունված որոշակի ցուցանիշների հետ համեմատության հիման վրա(100 հազար բնակչի և (կամ) մեկ քառակուսի կիլոմետր (1քառ/կմ) տարածքի հաշվարկով ոստիկանության ծառայողների թիվը, մեկ ոստիկանին ընկնող ծախսերի մեծությունը, Ոստիկանության ծախսեր–համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) հարաբերակցությունը և այլ ցուցանիշներ): Նախատեսվող հատկացումներն ունեն հետևյալ կառուցվածքը.
- Աշխատավարձեր և դրան հավասարեցված վճարումներ՝ 47.9 մլրդ դրամ, ամբողջի 70.5 %-ը,
- Նպաստներ, հարկեր, պարտադիր վճարներ, դրամաշնորհ, գործուղումներ և հատուկ ծախսեր՝ 1,6 մլրդ. դրամ, ամբողջի 2.4 % -ը,
- Ապրանքների, աշխատանքների ծառայությունների ձեռք բերման ծախսեր՝ 16.9 մլրդ դրամ, ամբողջի՝ 24.9%, որից կապիտալ ծախսեր՝ 1.6 մլրդ. դրամ կամ ամբողջի՝ 2.4 %-ը:
- Կրթահամալիրի պահպանման ծախսեր՝ 1.5 մլրդ. դրամ, ամբողջի՝ 2.2 % -ը:
Այնուհետև Արտյոմ Մեսրոպյանի և Մարատ Ատովմյանի կողմից հնչեցվեցին հարցեր և քննարկում ծավալվեց բյուջետային հայտի հիմնական ծախսային 6 ծրագրերի շուրջ:
Վերջում կողմերը արձանագրեցին, որ ծավալված քննարկումները նպաստելու են ըստ առանձին միջոցառումների համար մշակված և ներկայացված քանակական, որակական և ժամկետային ցուցանիշների առավել հստակեցմանը ու բարելավմանը, ինչպես նաև այն հնարավորություն է ընձեռում մի կողմից էապես բարելավելու Ոստիկանության կողմից իրագործվող ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը, իսկ մյուս կողմից զգալիորեն մեծացնելու ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունը: