Հիվանդանոց դիմած անչափահասին դանակահարել էին․ ոստիկանություն

Հունիսի 4-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի վնասվածք» ախտորոշումով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանում սովորող, սևանցի 16-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ քոլեջում ապակիով վնասվածք է ստացել:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների և Նոր Նորքի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.00-ին, Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Քոլեջի 17-ամյա սովորողը դանակով հարվածել էր նրա որովայնին՝ պատճառելով վնասվածք: 17-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել