Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Յանդեքս» ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինայի և գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ:
«Յանդեքս» ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել Հայաստանում իրենց ընթացքիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվող նախագծերը: Նրանք նշել են, որ շահագրգռված են մեր երկրում «Յանդքս»-ի գործունեության ընդլայնմամբ ու պատրաստ են Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցության: Մասնավորապես, նրանք նշել են, որ «Յանդեքս»-ը հայկական շուկային պատրաստվում է առաջարկել նոր ծառայություններ, մասնավորապես, զբոսաշրջության և փոքր բիզնեսի զարգացման ոլորտներում:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է «Յանդեքս»-ի ղեկավարների ծրագրերը և նշել, որ կառավարությունը խրախուսում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների գործունեության զարգացումն ու ընդլայնումը մեր երկրում: Գործադիրի ղեկավարի խոսքով` կառավարությունը պատրաստ է «Յանդեքս»-ի հետ քննարկել տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններն ու իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց իրականացմանը: